Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է բանակում մահվան դեպքերի հետ կապված իրավիճակի պատասխանատվությանը։
Նա նշել է, որ կրում է իր պատասխանատվության բաժինը բանակում մահվան դեպքերի համար, սակայն խնդրի պատճառները չեն սահմանափակվում միայն Պաշտպանության նախարարության գործողություններով և համակարգային լուծում են պահանջում։
«Բնականաբար, ես իմ պատասխանատվությունն ունեմ, բայց դրա մասնաբաժինն ունեն նաև նրանք, ովքեր քրեական ենթամշակույթին վերաբերում են թողտվությամբ, մատների արանքով են նայում այդ երևույթներին»,- հայտարարել է Պապիկյանը։
Նախարարի խոսքով՝ դեպքերի մի մասը կապված է ոչ կանոնադրային հարաբերությունների հետ, միևնույն ժամանակ, նա կոչ է արել զինծառայողների մահվան պատճառները չվերագրել միայն քրեական միջավայրի ազդեցությանը։
Նա նաև իր վրա է վերցրել բանակային միջավայրում ձևավորված կարծրատիպերն ու վարքագծի ոչ ֆորմալ կանոններն արմատախիլ անելու պատասխանատվությունը։
«Ուզում ե՞նք ապրել գողական բարքերով։ Ես չեմ հեղինակը այն բարքերի, որ դիրքում քնած զինվորին այլևս չի կարելի դիպչել, բայց ես պատասխանտու եմ, որ դա արմատախիլ անենք, և ես չեմ նահանջելու, գնալու եմ դրանք արմատախիլ անելու հետևից»,-հայտարարել է նախարարը։
Վերջին շուրջ 10 օրերի ընթացքում բանակում 4 մահվան դեպք է արձանագրվել։ Օգոստոսի 13-ին ՊՆ-ն հայտնել էր զինծառայող Գրիգոր Զաքարյանի մահվան մասին, նրան գտել էին հրազենային վնասվածքով։ Օգոստոսի 19-ին Ճամբարակի ճանապարհին վրաերթից մահացել էր զինծառայող Սուրեն Վարդանյանը, 6 զինվոր տուժել էր։ Օգոստոսի 23-ին հայտնաբերվել էր զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Օգոստոսի 24-ին արձանագրվել է 4-րդ մահվան դեպքը՝ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ծառայության հետ չկապված հանգամանքերում մահացել է 37-ամյա պայմանագրային զինծառայող։ Բոլոր դեպքերով քրեական վարույթներ էին նախաձեռնվել։
Օգոստոսին գրանցված մահվան դեպքերի ֆոնին կադրային փոփոխություններ են սկսվել ռազմական ղեկավարության շրջանակներում։ Պաշտոններից ազատվել էին պաշտպանության նախարարի խորհրդականներ Մելիքսեթ Պողոսյանն ու Ռազմիկ Պետրոսյանը։ Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի փոխարեն պաշտոնում նշանակվել էր ՀՀ ոստիկանության նախկին պետ Արամ Հովհաննիսյանը։ ԶԼՄ-ները գրել էին, որ այդ դեպքերը դժգոհություններ են առաջացրել նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նկատմամբ։
