Իրանը «սև ցուցակում» է ներառել Հորմուզի նեղուցն անցնելու կանոնները խախտած 45 նավթատար նավեր (տանկեր), գրել է Reuters-ը։
Նշված նավերը կարող են տուգանվել, կալանվել, իսկ դրանց բեռները՝ բռնագրավվել, կիրակի ուշ երեկոյան X-ի իր էջում հայտնել էր Իրանի կողմից նեղուցը ղեկավարելու համար ստեղծված նոր մարմինը՝ Պարսից ծոցի նեղուցի վարչությունը։
Ըստ լրատվամիջոցի՝ սահմանափակումների ցանկում ընդգրկվել են հում նավթի տանկերներ և հեղուկացված բնական ու հեղուկացված նավթային գազի փոխադրամիջոցներ։
Սև ցուցակում հայտնված նավերից որոշները պատկանում են Արաբական Միացյալ Էմիրություններին և դրանց դուստր ընկերություններին, Սաուդյան Արաբիայի ազգային Bahri փոխադրողներին և հարավկորեական Sinokor ընկերություններին, հայտնել է լրատվամիջոցը։
Վարչությունը կից ներկայացրել է սև ցուցակում հայտնված նավերի անունները և տեղեկացրել, դրանց նավատերերը պետք է համապատասխան բացատրություններով դիմում ներկայացնեն Իրանի ծովային իշխանություններին։
Օգոստոսին Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ բանակցությունները փակուղի էին մտել: Իրանական կողմը պնդել էր, որ նեղուցը կմնա փակ մինչև պայմանների կատարումը։ Հորմուզի նեղուցն աշխարհում էներգակիրների փոխադրման առանցքային ուղիներից է․ դրանով տեղափոխվում է համաշխարհային նավթի շուրջ 20%-ը և հեղուկացված բնական գազի մոտ մեկ հինգերորդը։
