Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ կառուցողական երկխոսության, սակայն հայկական կողմից որոշակի խնդիրներ կան։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ռուս լրագրող Ալեքսանդր Յունաշևին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հայկական ապրանքների արտահանումը։
«Վերջերս Օքսանա Լուտը (ՌԴ գյուղնախարարության ղեկավարը) հանդիպել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հետ, մատնանշել այդ խնդիրները։ Պետք է կատարվեն բուսասանիտարական վերահսկողության պահանջները։ Խնդիրը որակը չէ, այնտեղ տարբեր հիվանդություններ կան»,- ասել է Օվերչուկը։
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։
Կարդացել են
անգամ