Երևանն ազատ է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնելու հարցում, եթե ՀՀ-ն այլևս կազմակերպությանն անդամակցության կարիք չունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ գոհ կլիներ, եթե ՀԱՊԿ-ը ՀՀ-ի հեռացներ կազմակերպությունից։
«Ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում՝ գոհ կլիներ, եթե իրեն հեռացնեին։ Եթե Երևանն այլևս, ելնելով իր ազգային շահերից, կարիք չունի անդամակցելու տարածաշրջանային անվտանգության ապահովման համար այդքան կարևոր կազմակերպությանը, ապա նա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այդ կազմակերպությունից», — լրագրողներին ասել է նա։
Անդրադառնալով Եվրամիությանն անդամակցելու ՀՀ-ի մտադրությանը՝ Պեսկովը հիշեցրել է Թուրքիայի և այլ երկրների փորձը՝ նշելով, որ նրանց կողմից անդամակցության հայտ ներկայացնելուց հետո տասնամյակներ են անցել։