Հայաստանը ներկայացնող երգչուհի Ֆլորա Բիչախչյանը հաղթել է Կազանում անցկացված «Նոր ալիք-2026» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում՝ զբաղեցնելով առաջին տեղը, հայտնում է Татар-информ գործակալությունը։
Հաղթողի անունը հայտարարել է մրցույթի ժյուրիի նախագահ, կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը՝ Բիչախչյանին անվանելով բարձր վոկալային վարպետություն ունեցող կատարող։
«Կյանքումս առաջին անգամ եմ որևէ մրցույթում հաղթել։ Երբեք նույնիսկ երրորդ տեղ չեմ զբաղեցրել, անգամ հանդիսատեսի համակրանքի մրցանակ չեմ ստացել։ Այնքան էի համակերպվել այն մտքի հետ, որ ինձ համար դա անհնար է, որ այստեղ էի եկել առանց որևէ ակնկալիքի»,- նշել է Բիչախչյանը։
Երգչուհու խոսքով՝ մրցույթից ստացել էր շատ ավելին, քան ակնկալում էր։ Նա նշել է, որ իր կատարած երգերը ստեղծվել էին ընկերների հետ՝ որպես կատակ, և դեռ չի կարողանում հավատալ, որ դրանք ներկայացրել է «Նոր ալիքի» բեմում ու գրավել առաջին տեղը։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանը ներկայացնող 16-ամյա Անաստասիա Իվանովան, որը նաև ստացել է հանդիսատեսի համակրանքի և ВКонтакте-ի հատուկ մրցանակները։ Երրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանը ներկայացնող TROFIM GRANN-ը։
Մրցույթի երրորդ և եզրափակիչ օրը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին։ Այս տարի մրցութային ծրագրին մասնակցել է 12 կատարող Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ռուսաստանից։ «Նոր ալիքի» պաշտոնական կայքը դեռ ապրիլին հայտնել էր, որ ավելի քան 6000 հայտից ընտրված եզրափակիչ անցած մասնակիցների թվում է նաև Ֆլորա Բիչախչյանը։
2024 թվականին Բիչախչյանը դուրս էր եկել Ну-ка, все вместе! երաժշտական շոուի եզրափակիչ։ Moby-ի Natural Blues երգի կատարման համար նրա օգտին քվեարկել էր ժյուրիի 100 անդամից 98-ը։
