«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում իր ելույթով, ըստ էության, բացահայտել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ իշխանության…
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում իր ելույթով, ըստ էության, բացահայտել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ իշխանության գործողությունների իրական պատճառը։
«Այս մարդը վերջապես ուղիղ ասաց, թե ինչ է ուզում Կաթողիկոսից։ Խնդիրն Արցախի անունը տալն է եղել, Արցախը հիշատակելն է, ոչ թե իրենց ասած բաները»,- ասել է Կարապետյանը։
Նրա գնահատմամբ՝ իշխանության կողմից նախկինում առաջ քաշված մյուս պատճառաբանությունները երկրորդական են։
Կարապետյանը պնդել է, որ Կաթողիկոսի շուրջ բարձրացված հարցերն իշխանության համար գործիք են՝ Հայ Առաքելական եկեղեցու և հոգևոր կենտրոնի վրա քաղաքական ազդեցություն ունենալու համար։
Նարեկ Կարապետյանը Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացումից հետո քննադատել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցային քաղաքականությունը։
Կարապետյանի խոսքով՝ իշխանության մոտ բացակայում են բանակցային բազային կարողությունները, ինչի հետևանքով Հայաստանը խնդիրների առաջ է կանգնում և գործընկերներ կորցնում։
Նա նշել է, որ Փաշինյանի այսօրվա ելույթում ևս արտահայտվել է, իր բնորոշմամբ, «կամ-կամ»-ի բանակցային ոճը։ Կարապետյանը զուգահեռ է անցկացրել Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների հետ՝ պնդելով, որ Փաշինյանը ժամանակին տեսել է միայն երկու տարբերակ՝ պատերազմ կամ զիջում։