Իրանը նոր պատժամիջոցներին աջակցելը «պատերազմական գործողություն» կհամարի

Թեհրանն ԱՄՆ-ի՝ Իրանի ժողովրդի դեմ տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցությունը կամ աջակցությունը կհամարի պատերազմական գործողություն, գրել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային իր X էջում։

«Եթե տնտեսական պատերազմը շարունակվի, ոչ մի կաթիլ նավթ չի արտահանվի՝ ո՛չ Հորմուզի նեղուցով, ո՛չ էլ Պարսից ծոցի որևէ այլ հատվածից։ Իրանն ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին ցանկացած երկրի մասնակցությունը կամ աջակցությունն կհամարի Իրանի ժողովրդի դեմ պատերազմական գործողություն»,- գրել է Ռեզային իր X էջում։

Նրա հայտարարությունը հնչել է ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ նոր տնտեսական միջոցառումներ սահմանելու ծրագրերի ֆոնին։ Associated Press-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նախատեսում է հայտարարել նոր միջոցառումների մասին, որոնք ուղղված են Թեհրանի տնտեսական մեկուսացման ուժեղացմանը։

Ռեզային մեկ օր առաջ իրանական պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նաև զգուշացրել էր, որ Իրանի դեմ տնտեսական ճնշմանը միացող հարևան երկրները կհամարվեն թշնամական, իսկ Թեհրանը կարող է թիրախավորել նրանց շահերը։

Associated Press-ի տվյալներով՝ Իրանն ու Օմանը դեռ քննարկում են Հորմուզի նեղուցի կառավարումը, ինչպես նաև հնարավոր վճարների սահմանումը։

Օգոստոսի 21-ին Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել էր Իրանի հետ համագործակցող երկրների և ընկերությունների նկատմամբ տնտեսական միջոցներ կիրառելու ԱՄՆ-ի սպառնալիքները։ Պեկինը հայտարարել էր, որ դեմ է միակողմանի պատժամիջոցներին և արտատարածքային իրավազորությանը։

Օգոստոսի 11-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դիվանագիտական ճանապարհով իր նպատակներին հասնելու անհնարինության դեպքում դիմում է պատժամիջոցների։ Թեհրանը Հորմուզի նեղուցի վերաբացման պայմանների թվում նշել է Իրանի դեմ սպառնալիքների և ռազմական գործողությունների դադարեցումը, պատժամիջոցների վերացումն ու սառեցված իրանական ակտիվների ապաշրջափակումը։

Leave a Comment