Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնն անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել, ինչի պատճառով խոշոր հրդեհ է բռնկվել, օգոստոսի 24-ին հայտնել է Ozon-ի գլխավոր գրասենյակը Telegram-ում։ Հաղորդագրության համաձայն՝ աշխատակիցները տարհանվել են։ Ըստ նախնական հաղորդագրությունների՝ տուժածներ չկան։ Պահեստի գործունեությունը կասեցվել է։
Այս կենտրոնի ապրանքն այլևս հասանելի չի լինի առցանց պատվիրելու համար։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մատակարարներից առաքումները ժամանակավորապես կդադարեցվեն։
Ստավրոպոլի երկրամասի Նևինոմիսկ քաղաքում ևս Ozon-ի խոշոր պահեստ է ենթարկվել հարձակման։ Պահեստի տարածքը զբաղեցնում է 93,514 քառակուսի մետր։ Կենտրոնը նախատեսված է սննդամթերքի և ոչ սննդային ապրանքների պահեստավորման և տեսակավորման, պատվերներ հավաքելու և դրանք Ozon-ի հաճախորդներին առաքելու համար։
Նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը պարզաբանել է, որ ՀՕՊ ուժերը հետ են մղել Նևինոմիսկի արդյունաբերական գոտու վրա ուղղված անօդաչու թռչող սարքերի հարձակումը։ «Օստորոժնո, Նովոստի» Telegram ալիքի հաղորդմամբ՝ Կրասնոդարում գիշերը առնվազն երեք անգամ օդային տագնապի ազդանշան է հնչել։
Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովը Telegram-ում հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ մղելու հետրանքով ԱԹՍ-ի բեկորներն ընկել են Պրիկուբանսկի շրջանի մի քանի հասցեների վրա։ Նաումովի խոսքով՝ երկու երեխա զոհվել է, ևս ինը վիրավորվել են՝ երկու մեծահասակ և յոթ երեխա։ Պաշտոնյան կարծում է, որ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են մասնավոր մանկական կենտրոնի վրա։
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը Telegram-ում հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են բնակելի շենքերի վրա։