Կապանի լեռնահարստացման կոմբինատը պարտվել է ԲԸՏՄ-ի դեմ դատական վեճերից մեկը

Վարչական դատարանը մերժել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ): Սա ԲԸՏՄ-ի դեմ հանքարդյունահանող ընկերության դատական հայցերից մեկն է, մյուսը դեռ քննվում է:

Հիշեցնենք, որ «Հետքի» հարցման հիման վրա ԲԸՏՄ-ն Կապանի ԼՀԿ-ում ստուգում էր սկսել 2024 թ․ օգոստոսին։ Ստուգման նպատակն էր պարզել կոմբինատի կողմից Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը բաց եղանակով շահագործելու թույլտվության առկայությունը եւ գործունեության համապատասխանությունը բնապահպանական եւ ընդերքօգտագործման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին։

Այդուհանդերձ, «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն պնդում է, որ Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրից բաց եղանակով հանքարդյունահանում չի իրականացրել (հետեւաբար, դրա թույլտվության կարիք էլ չկար):

Ըստ ԼՀԿ-ի՝ դեռեւս 1990-ականներին Շահումյանի հանքի փակ եղանակով շահագործման հետեւանքով ձեւավորվել են ստորգետնյա դատարկություններ, որոնք բավականին մոտ են եղել երկրի մակերեւույթին, ու հետագայում տեղի են ունեցել փլուզումներ, ինչպես նաեւ ձեւավորվել են գոտիներ, որտեղ փլուզման բարձր ռիսկ կա: «Ընկերությունը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում է համապատասխան պետական լիազոր մարմինների հետ համաձայնեցված միջոցառումներ՝ փլուզված հատվածներում լանդշաֆտի վերականգնման եւ ռեկուլտիվացման, փլուզումային ռիսկի գոտիներում փլուզումների կանխարգելման ուղղությամբ,- դեռ 2024-ի ամռանը «Հետքին» հայտնել էին ԼՀԿ-ից։- Այդ միջոցառումների շրջանակներում փլուզումային ռիսկի հատվածներին մատչելիություն ապահովելու համար մակերեւույթին իրականացվում են սահմանափակ ծավալով հողային աշխատանքներ»։

Չնայած ԼՀԿ-ի հավաստիացումներին՝ ԲԸՏՄ-ն ստուգման արդյունքում պարզել էր, որ հանքարդյունահանողի կողմից ապօրինի արդյունահանվել է 2895 տոննա հանքաքար, որը պարունակել է 13,5 կգ ոսկի, 251 կգ արծաթ, 23 տոննա պղինձ, 153 տոննա ցինկ եւ 18 տոննա կապար։ Արձանագրվել է նաեւ, որ ԼՀԿ-ն, առանց մթնոլորտային օդ արտանետումների թույլտվության, արտանետել է 12,65 տոննա անօրգանական փոշի։

2024 թ. դեկտեմբերի 26-ին ԲԸՏՄ-ն ստուգման նյութերն ուղարկել էր Քննչական կոմիտե՝ հետագա ընթացքն ապահովելու համար։ 2025-ի հունվարի 15-ին ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ:

ԲԸՏՄ-ի ստուգումից հետո՝ 2024-ի դեկտեմբերին, ԼՀԿ-ն երկու հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ԲԸՏՄ-ի:

ԼՀԿ-ի հայցերից մեկը մերժվել է. ընկերությունը բողոքարկել է վճիռը

Դրանցից մեկով, որն ընկերությունը ներկայացրել է դեկտեմբերի 13-ին, խնդրել էր ճանաչել ստուգում իրականացնելու իրավահարաբերության բացակայությունը:

Քանի որ ԲԸՏՄ-ն 2024-ի օգոստոսին ստուգում էր սկսել «Հետքի» հարցման հիման վրա, որն ուղարկել էինք նյութը հրապարակելուց առաջ, ԼՀԿ-ն դատարանում նշել է, որ լրագրողական հարցումը չի կարող համարվել հաղորդում, որի հիման վրա տրվում է ստուգում իրականացնելու հանձնարարագիր: Սակայն պատասխանողն ու դատարանը շեշտել են, որ «Հետքի» հարցման մեջ ներկայացվել է տեղեկատվություն առ այն, որ «մեկ ամսից ավել է՝ Կապանի բնակիչները նկատել են շինտեխնիկայի ակտիվ աշխատանք Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի վերգետնյա մակերեսին։ Ըստ բնակիչների՝ ըստ էության, աշխատանքներ են տարվում հանքավայրը բաց եղանակով շահագործելու ուղղությամբ՝ չնայած տարիներ շարունակ հանքավայրը շահագործվում է միայն փակ՝ ստորգետնյա եղանակով», ինչից հետո էլ մենք ԲԸՏՄ-ի ղեկավարին խնդրել էինք պատասխանել մի քանի հարցի: Արձագանքն այն էր, որ տեսչական մարմինը նախատեսում է ստուգում իրականացնել մեր կողմից բարձրացված հարցերի շրջանակներում, ինչից հետո կտրամադրվի տեղեկատվություն։

Դատարանը գտել է, որ պատասխանող վարչական մարմնի գործողությունները բխել են բնապահպանական վերահսկողության նպատակներից եւ ուղղված են եղել հանրային շահի պաշտպանությանը, մասնավորապես՝ շրջակա միջավայրի անվտանգության ապահովմանը եւ բնական ռեսուրսների օգտագործման օրինականության ստուգմանը։ «Ընդ որում, միայն այն հանգամանքը, որ ստուգման հիմքում դրվել է լրագրողական հարցումը կամ բնակիչների կողմից ներկայացված տեղեկությունները, ինքնին չի վկայում ստուգման իրավական հիմքերի բացակայության մասին, քանի որ օրենսդիրը նման հաղորդումները դիտարկել է որպես վերահսկողական միջոցառումների իրականացման բավարար հիմք»,- արձանագրել է դատավոր Լիլիթ Սադոյանը:

Կապանի լեռնահարստացման կոմբինատը նշել է, որ ինքը Շահումյանի հանքը բաց եղանակով չի շահագործել, սակայն ԲԸՏՄ-ի ստուգման նպատակն է եղել ոչ թե պարզել՝ իրականացվո՞ւմ է բաց եղանակով շահագործում, այլ պարզել՝ առկա՞ է այդպիսի շահագործման թույլտվություն։ Այսինքն, ըստ հայցվորի, ԲԸՏՄ-ն դեռեւս ստուգման հանձնարարագիրն ընդունելու պահին, առանց համապատասխան քննության, իր՝ ԼՀԿ-ի գործունեությունը որակել է որպես բաց եղանակով շահագործում եւ միայն դրանից հետո է սկսել ստուգել թույլտվության առկայությունը։

Հայցվորը նաեւ նշել է, որ հանձնարարագրով ստուգման նպատակներից մյուսը եղել է պարզել, թե իր գործունեությունը որքանով է համապատասխանում ընդերքօգտագործման ոլորտի օրենսդրությանը, մինչդեռ օրենքով, ըստ ԼՀԿ-ի, ստուգումը կարող էր վերաբերել միայն բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման վերահսկողությանը:

Դատարանը գտել է, որ նման ձեւակերպումը չի կարող դիտարկվել որպես ԲԸՏՄ-ի լիազորությունների սահմանազանցում, քանի որ ընդերքօգտագործման գործունեության իրականացումը կապված է շրջակա միջավայրի վրա ազդեցության, բնական ռեսուրսների օգտագործման եւ բնապահպանական անվտանգության ապահովման հետ։

«Բացի այդ, դատարանը կարեւորում է, որ ստուգման հիմք հանդիսացած հաղորդումը (խոսքը «Հետքի» հարցման մասին է – հեղ.) վերաբերում էր հենց հանքավայրի հնարավոր բաց եղանակով շահագործման հանգամանքին, որը ենթադրում է ոչ միայն բնապահպանական, այլեւ ընդերքօգտագործման ոլորտը կարգավորող պահանջների պահպանության ստուգման անհրաժեշտություն։ Հետեւաբար, իրավասու մարմինն իր վերահսկողական գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով իրավաչափորեն ստուգման շրջանակում ներառել է նաեւ գործունեության համապատասխանությունը ընդերքօգտագործման ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջներին»,- արձանագրել է Վարչական դատարանի դատավոր Լ. Սադոյանն ու հավելել, որ ԼՀԿ-ի փաստարկը, թե ինքը բաց եղանակով հանքավայր չի շահագործել, չի կարող դառնալ քննարկման առարկա այս հարցի շրջանակներում, այլ կարող է դառնալ ստուգման արդյունքում կայացված վարչական ակտի անվավերության հիմք (այսպիսի առանձին հայց ԼՀԿ-ն ներկայացրել է)։

Այսպիսով՝ դատավոր Լիլիթ Սադոյանը եզրահանգել է, որ ստուգում իրականացնելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու համար հիմքեր չկան եւ 2026 թ. ապրիլի 20-ին մերժել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի հայցը Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի դեմ:

ԼՀԿ-ն վերաքննիչ բողոք է ներկայացրել: Վերաքննիչ վարչական դատարանը օգոստոսի 3-ին բողոքը վարույթ է ընդունել եւ որոշել այն քննել գրավոր ընթացակարգով: Սակայն դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2027 թ. նոյեմբերի 11-ը: Այսինքն՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատը դեռ մեկ տարուց ավելի պետք է սպասի այս գործով հնարավոր հանգուցալուծմանը:

Ստուգման ակտն անվավեր ճանաչելու հայցը քննվում է ընդհանուր կանոններով

2024 թ. դեկտեմբերի 30-ին ԼՀԿ-ն երկրորդ հայցով է մտել Վարչական դատարան՝ այս անգամ խնդրելով անվավեր ճանաչել ԲԸՏՄ-ի ստուգման ակտը, որը կազմվել է 2024-ի դեկտեմբերի 17-ին (այս ակտում են արձանագրվել ԼՀԿ-ի կողմից ենթադրյալ ապօրինի հանքարդյունահանումն ու դրա ծավալները)։ Հայցադիմումն ընդունվել է դատավոր Հերմինե Մուրադյանի վարույթ:

Չնայած դատարանը նախապես սահմանել էր, որ հայցը քննելու է գրավոր ընթացակարգով եւ դատական ակտը հրապարակելու է 2025-ի հուլիսի 7-ին, այդ օրը որոշել է գործը քննել ընդհանուր կանոններով: Այս գործով նիստերն ընթացքի մեջ են: Հերթական նիստի օր է նշանակվել հոկտեմբերի 13-ը:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment