Օգոստոսի 23-ին զինծառայող Էդգար Գևորգյանի մահվան դեպքի առնչությամբ սպանության հոդվածով մեկ անձ է ձերբակալվել, տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։
ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնել է, որ ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 15 տարով):
ՊՆ օգոստոսի 23-ին հաստատել էր զինծառայողի մահվան լուրը, որի մասին ավելի վաղ գրել էին ԶԼՄ-ները։ Makaryannews-ի տեղեկություններով՝ ժամկետային ծառայողներից մեկը վիճաբանության ընթացքում՝ իր հասցեին հնչած հայհոյանքից հետո, իրեն ամրակցված զենքից կրակել և սպանել է իր ծառայակցին:
Օգոստոսին գրանցված մահվան դեպքրին հաջորդել էին ռազմական ղեկավարության կադրային փոփոխությունները։ Պաշտոններից ազատվել էին պաշտպանության նախարարի խորհրդականներ Մելիքսեթ Պողոսյանն ու Ռազմիկ Պետրոսյանը։ Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի փոխարեն պաշտոնում նշանակվել էր ՀՀ ոստիկանության նախկին պետ Արամ Հովհաննիսյանը։ ԶԼՄ-ները գրել էին, որ այդ դեպքերը դժգոհություններ են առաջացրել նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նկատմամբ։
ՊՆ-ի՝ օգոստոսի 14-ի տվյալներով՝ ՀՀ զինված ուժերում 2026 թվականին արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորի գրասենյակի տվյալներով, սակայն, 2026-ի յոթ ամիսներին ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահ, որից 11-ը պաշտոնապես համարվել են զինվորական ծառայության հետ կապված, իսկ 19-ը՝ չկապված։
