Կանադան ցանկանում է տնտեսական արտոնություններ ստանալ այնպես, կարծես ԱՄՆ-ի նահանգներից մեկը լինի, սակայն իրականում դա այդպես չէ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ընդգծելով, որ եկել է դրան վերջ տալու ժամանակը։
«Կանադան ցանկանում է նահանգին հավասար կարգավիճակով առավելություններ ստանալ՝ չլինելով նահանգ։ Բացի այդ, նրանք տարիներ շարունակ հսկայական մաքսատուրքեր են սահմանել մեր հրաշալի ֆերմերների նկատմամբ։ Այլևս այդպես չի լինի», – Truth Social-ում գրել է Թրամփը։
Ավելի վաղ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել էր ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունները դադարեցնելու և ամերիկյան ապրանքների նկատմամբ նույն ծավալի պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին։ Նախատեսվում է, որ դրանք ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 8-ին։
ԱՄՆ-ի առևտրային բանակցություններում ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը հայտարարել է, որ Կանադայի կառավարությունը հրաժարվել է Վաշինգտոնի համար շահավետ գործարքից, ինչի հետևանքով կանադական որոշ ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի 50 տոկոս մաքսատուրքերը շաբաթ օրը մտել են ուժի մեջ։