Քննչական կոմիտեն հերքել է քննիչների կողմից ոստիկանին ծեծելու մասին մի շարք լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը։
«Ishkhanutyun.am, այնուհետև՝ Armlur.am լրատվական կայքերի կողմից հրապարակված և տարբեր կայքերում տարածվող տեղեկատվությունը, թե իբր , չի համապատասխանում իրականությանը, օբյեկտիվ փաստարկումներից զրկված, մտացածին զրպարտություն է և նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը շեղել իրականությունից»,- նշել են ՔԿ-ից:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ՔԿ Երևան քաղաքի վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ քննիչները դաժան ծեծի են ենթարկել Եղվարդի բաժնի օպերլիազոր, մայոր, Արցախի մարտական խաչ շքանշանի ասպետ Սարգիս Բագրատունյանին։ Ըստ Ishkhanutyun.am-ի դեպքից հետո նրա համար շտապօգնություն է կանչվել։ Նշվում է, որ դեպքից մեկ օր առաջ նրա, քննիչների և մի քաղաքացու միջև վեճ է տեղի ունեցել և նրանից «վրեժ» են լուծել։
ՔԿ-ից մեկնաբանել են, որ օգոստոսի 21-ին Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել և իրականացվում է քրեական վարույթ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ծառայողի և վերջիններիս հետ ընկերական, ինչպես նաև ազգակցական կապերի մեջ գտնվող շուրջ 20 և ավելի անձանց կողմից ՀՀ ՔԿ ԵՔՔՎ վարչության համապատասխան վարչական շրջանի քննչական բաժնի 2 քննիչներին նույն բաժնի դիմաց դաժանաբար ծեծի ենթարկելու, ինչպես նաև խուլիգանություն կատարելու հանգամանքների վերաբերյալ:
Գերատեսչությունից նշել են, որ վարույթի շրջանակում ձերբակալվել են ոստիկանության վերոնշյալ ծառայողը և նրա հետ ազգակցական կապի մեջ գտնվող ևս 2 անձ:
Ըստ ՔԿ-ի՝ ոստիկանը դեպքի պահին գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ:
ՔԿ-ից հավելել են, որ խոշտանգման մասին հաղորդում ներկայացնելուց հետո «վարույթն իրականացնող մարմինն իր նախաձեռնությամբ կազմակերպել է ձերբակալվածին ինչպես վարչական շենքում, այնպես էլ համապատասխան բուժհաստատություններում բժշկական զննման ենթարկելու գործընթացը, որոնցով ևս հերքվել է ենթադրաբար բռնության ենթարկվելու դեպքը»:
Ishkhanutyun.am-ը լուսանկար է հրապարակել և նշել, որ պատռել են Եղվարդի բաժնի օպերլիազորի համազգեստը։ Բագրատունյանի փաստաբանը լրատվամիջոցին հայտնել է, որ տևական ժամանակ շտապօգնության աշխատակիցներին թույլ չեն տվել մտնել քննչական վարչություն, դեպքի վերաբերյալ ահազանգ է ստացել նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
ՔԿ-ից հավելել են, որ քրեական վարույթով կատարվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային այլ գործողություններ՝ ենթադրյալ հանցագործության դեպքը բացահայտելու, բոլոր մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
