Իրանի հետ հակամարտությունը լուրջ հարված է հասցրել ԱՄՆ տնտեսությանը և զրկել Միացյալ Նահանգներին էներգետիկ առավելությունից, հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով փորձագետներին։
Ըստ ԱՄՆ Էներգետիկայի տեղեկատվական վարչության տվյալների՝ չնայած նրան, որ երկիրը առաջատար է նավթի արդյունահանման ծավալներով, արդյունահանման աճը կազմում է օրական ընդամենը 200 000 բարել։ Financial Times-ի գնահատմամբ՝ տարածաշրջանում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով արգելափակվել է օրական մոտ 20 միլիոն բարել նավթի մատակարարումը, որը նախկինում Մերձավոր Արևելքից իրականացվում էր Հորմուզի նեղուցով։
Հոդվածում նշվում է, որ Իրանի հետ հակամարտության պատճառով բենզինի և դիզելային վառելիքի գները բարձրացել են գրեթե 40 տոկոսով, իսկ Թրամփի օրոք դիզելային վառելիքի միջին գինը գերազանցել է Ջո Բայդենի նախագահության շրջանում գրանցված մակարդակը։
ԱՄՆ-ում սպառողական գների տարեկան աճը հասել է վերջին երեք տարվա առավելագույն ցուցանիշին՝ 4,2 տոկոսի:
Բացի այդ, նշվում է, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 1,5 տոկոս՝ զիջելով Առևտրի նախարարի՝ 5-6 տոկոսի հասնող աճի վերաբերյալ խոստումներին։
Հրապարակման մեջ ընդգծվում էր, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի ընթացքում ամերիկացի սպառողների տրամադրությունները կտրուկ վատթարացել են, և քաղաքացիների շրջանում աճում է դժգոհությունը Թրամփի օրոք երկրի տնտեսության վիճակի վերաբերյալ։
Վերջերս Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավարը հայտարարեց, որ աշխարհը բախվում է պատմության մեջ էներգետիկ ամենախոշոր ճգնաժամին՝ Հորմուզի նեղուցում մատակարարումների խափանումների պատճառով։