Ութ տարի առաջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության սկզբում, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հեռացման հարցը բացահայտ օրակարգում չէր։ Այսօր իշխանությունն արդեն հրապարակավ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը, իսկ նա դատարանում է՝ մեղադրյալի կարգավիճակով։
2020 թվականի պատերազմից հետո կաթողիկոսը միացել էր ընդդիմության՝ վարչապետի հրաժարականը պահանջող կոչերին։
2022 թվականին Ադրբեջանի՝ Հայաստանի և Արցախի դեմ հարձակումից և Արցախի կորստից հետո՝ 2024 թվականի գարնանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը գլխավորել էր ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը և նույնպես պահանջել էր վարչապետի հրաժարականը։
Կաթողիկոսին փոխելու հարցը ներառված էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրում։
Իսկ մինչ այդ՝ 2026 թվականի հունվարին, վարչապետը հայտարարել էր «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման համակարգող խորհրդի» ստեղծման մասին։
2026 թվականի փետրվարի 14-ին Գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել կաթողիկոսի նկատմամբ՝ սահմանափակելով նրա ելքը երկրից։
Գարեգին երկրորդը և վեց հոգևորական մեղադրվում են կարգալույծ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պարտականությունների կատարումը վերականգնելու վերաբերյալ դատարանի որոշման կատարումը խոչընդոտելու մեջ։
Օգոստոսի 7-ին այս գործով Վաղարշապատի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած առաջին նիստն ընդհատվեց 20 րոպե անց՝ դատավոր Հակոբ Մանուկյանի ինքնաբացարկի պատճառով։
Armenia Today-ը Երևանում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե ինչպես են քաղաքացիները վերաբերվում դատական գործընթացին և, նրանց կարծիքով, խնդիրը պետք է լուծվե՞ր եկեղեցու ներսում, թե՞ դատարանի միջամտությամբ։
Հարցված քաղաքացինեի մեծ մասը դեմ է արտահայտվել կաթողիկոսի դատելու փաստին՝ պատճառաբանելով, որ պետությունն իրավունք չունի միջամտել եկեղեցու գործերին, և հարցերը պետք է լուծվեն եկեղեցու ներքին կանոնակարգով։
«Կարծում եմ՝ կապ չկա առաքելական եկեղեցու և օրենսդրության միջև ու նույն սկզբունքով չպետք է դատվեն»,- կարծիք է հայտնել քաղաքացին
Մեկ այլ քաղաքացի կաթողիկոսին չնույնացնելով հասարակ քաղաքացու և պետական պաշտոնյայի հետ, ասել է, որ իշխանությունն իրավունք չունի կատել կաթողիկոսին։
«Կաթողիկոսը ո՛չ հասարակ մարդ է, ո՛չ՝ պաշտոնյա։ Նա Երուսաղեմին ենթակա մարդ է և ունի իր հիերարխիան։ Ղեկավարություն կոչվածը իրավունք չունի հարցեր լուծելու»,- ասել է քաղաքացին։
Որոշ քաղաքացիներ քննադատել են եկեղեցուն՝ քաղաքականության մեջ ներգրավվելու համար և կողմ արտահայտվել դատավարությանը։
«Թող ինքն իր գործը անի, ի՞նչ գործ ունի քաղաքականության կամ բիզնեսի հետ»,- ասել է քաղաքացին։
Հարցված քաղաքացիների մի մասն ասել է, որ ճիշտ կլիներ հարցը լուծել ներքին, ոչ թե դատական կարգով։
«Ամեն ինչը պետք է ներքին պայմանավորվածությամբ լուծել․ համենայն դեպս, հանրային խայտառակությունից խուսափել է պետք»,- այսպես է ասել քաղաքացին։
Քաղաքացիներից մեկը կաթողիկոսի դատավարությանը «ազգային ողբերգություն» է համարել։
«Ազգային ողբերգություն, կարելի՞ է սրբության սրբի վրա ձեռք բարձրացնել, չի կարելի»,- դիրքորոշում է հայտնել մեկ այլ քաղաքացի։
Հարցված քաղաքացիներից մի քանիսը կարևորել են ոչ թե կաթողիկոսի կարգավիճակը, այլ՝ օրենքի հավասար գերակայությունը բոլորի համար։
«Պետություն ունենք, պետության առաջ բոլորը հավասար պատասխանատու են բոլորը՝ կաթողիկոս կլինի, թե հասարակ բանվոր»,- ասել է մեկ այլ քաղաքացի։
Հարցմանը մասնակցած որոշ քաղաքացիներ խուսափել են կարծիք հայտնել՝ կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ տեսնելու և քաղաքական հարցերից խուսափելու պատրվակով։
«Քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում, չեմ կարող պատասխանել»,- ասել է քաղաքացին։
Իսկ քաղաքացիների մի մասն ասել է, որ հետաքրքրված կամ բավարար չափով տեղեկացված չեն կաթողիկոսի դատավարությունից և կարծիք հայտնել չեն կարող կարող։
Մանրամասն՝ տեսանյութ
