Քաղաքագետ Վլադիմիր Շապովալովը Alpha News-ին մեկնաբանել է Ադրբեջանի որոշումը՝ ՌԴ երեք քաղաքացիների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ։
Փորձագետի խոսքով՝ ինքն անձամբ ճանաչում է ցուցակում հայտնված ռուսաստանցի լրագրողներից և փորձագետներից մի քանիսին և համոզված է, որ նրանք որևէ առնչություն չունեն ահաբեկչական կամ ծայրահեղական գործունեության հետ։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանը հերթական անգամ օգտագործվում է հակառուսական թեզերի առաջմղման համար՝ չնայած երկու երկրների միջև առկա սերտ պատմական, տնտեսական և մշակութային կապերին։
«Ցավոք, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը հերթական անգամ դառնում է հակառուսական թեզերի առաջմղման գործիք։ Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք, թե որքան սերտորեն են կապված ՌԴ-ի և Ադրբեջանի, ռուս և ադրբեջանցի ժողովուրդների ճակատագրերը, որքան են դրանք փոխկապակցված, որքան ընդհանրություններ ունենք՝ ինչպես պատմական հիշողության, այնպես էլ այսօրվա իրականության համատեքստում։ Մեր տնտեսական և մշակութային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են», — նշել է քաղաքագետը։
Փորձագետի կարծիքով՝ տեղի ունեցողը վկայում է այն մասին, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների վերջին սառեցումը, չնայած հարաբերությունների կարգավորման մասին հայտարարություններին, անցյալում չի մնացել։