ԱՄՆ-ն և Կանադան չեն կարողացել առևտրային համաձայնության հասնել

ԱՄՆ-ն 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական մի շարք ապրանքների նկատմամբ այն բանից հետո, երբ Վաշինգտոնն ու Օտտավան երեք օր տևած բանակցությունների արդյունքում չեն կարողացել առևտրային համաձայնության հասնել։ Նոր մաքսատուրքերը վերաբերում են շուրջ 20 միլիարդ դոլարի կանադական ապրանքների և ուժի մեջ են մտել շաբաթ կեսգիշերից հետո, հաղորդում է BBC-ին։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունները դադարեցնելու մասին՝ բանակցողներին հանձնարարելով վերադառնալ Օտտավա։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնի կողմից վերջին պահին առաջարկված պայմանների փոփոխություններն անարդար և տնտեսապես անընդունելի էին ու կասկածի տակ էին դնում հնարավոր համաձայնագրի հուսալիությունը։

Քարնին նաև հայտարարել է, որ Կանադան նոր ամերիկյան մաքսատուրքերին կպատասխանի «դոլար՝ դոլարի դիմաց» սկզբունքով։

ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, իր հերթին, Կանադային է մեղադրել բանակցությունների ձախողման համար՝ նշելով, որ Օտտավայի նոր պահանջները և նախկինում ստանձնած որոշ պարտավորություններից հրաժարվելը խախտել են բանակցություններում ձեռք բերված հավասարակշռությունը։

Մինչ այդ կողմերը քննարկում էին համաձայնագիր, որը կարող էր մեղմել կանադական պողպատի, ալյումինի և ավտոմեքենաների նկատմամբ գործող ամերիկյան մաքսատուրքերը։ Մասնավորապես, բանակցություններ էին ընթանում ավտոմեքենաների մաքսատուրքը 25 տոկոսից մինչև 15 տոկոս նվազեցնելու տարբերակի շուրջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթվա սկզբին երեք օրով հետաձգել էր 50 տոկոս մաքսատուրքերի կիրառումը՝ հայտարարելով, որ կողմերը մոտ են համաձայնության։ Սակայն բանակցությունների վերջին փուլում տարաձայնությունները չեն հաջողվել հաղթահարել։

ԱՄՆ-ի և Կանադայի միջև առևտրային լարվածությունը վերջին ամիսներին զգալիորեն աճել է։ Նոր մաքսատուրքերը կարող են նաև բարդացնել ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա համաձայնագրի շուրջ հետագա բանակցությունները։

Leave a Comment