Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ եկել է ԱՄՆ-ի հետ պատերազմն ավարտելու ժամանակը, քանի դեռ Թեհրանը գտնվում է «ուժի և արժանապատվության դիրքերում», հայտնում է Al Jazeera-ն։
«Ավելի լավ է պատերազմն ավարտենք հիմա, երբ գտնվում ենք ուժի և արժանապատվության դիրքերում»,– ասել է Փեզեշքիանը բժիշկների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը խախտել է միջազգային կանոնները՝ հարվածներ հասցնելով Իրանի դպրոցներին, հիվանդանոցներին և ենթակառուցվածքներին։
Փեզեշքիանը նաև պաշտպանել է հունիսին ԱՄՆ-ի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը՝ արձագանքելով Իրանի խորհրդարանի պահպանողական պատգամավորների քննադատությանը։ Նա պնդել է, որ փաստաթղթում Իրանի կապիտուլյացիան ենթադրող որևէ կետ չկա, իսկ պարտավորությունները հիմնականում վերաբերում են ամերիկյան կողմին։
Միաժամանակ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ալի Աբդոլլահին հայտարարել է, որ երկրի զինված ուժերը լիարժեք պատրաստվածություն են պահպանում ցամաքային, ծովային, օդային, հակաօդային պաշտպանության, տիեզերական և կիբերտարածության ուղղություններով։ Նրա խոսքով՝ հակառակորդի ցանկացած սխալ հաշվարկ կամ նոր սպառնալիք կարժանանա «ջախջախիչ և կործանարար» պատասխանի։
Օմանի և Իրանի ԱԳ նախարարները օգոստոսի 21-ին հեռախոսազրույցում քննարկել են երկխոսության վերսկսման համար պայմաններ ստեղծելու և Հորմուզի նեղուցում նավագնացության հարցերը։ Թեհրանը շարունակում է մասամբ սահմանափակել նեղուցով երթևեկությունը, իսկ ԱՄՆ-ն պահպանում է տարածաշրջանում ռազմածովային ճնշումը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Իրանը ցանկանում է համաձայնության հասնել, սակայն դեռ պատրաստ չէ ընդունել Վաշինգտոնի համար ընդունելի պայմանները։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նախատեսում է օգոստոսի 24-ին ներկայացնել Իրանի դեմ նոր պատժամիջոցները՝ տնտեսական ճնշումը մեծացնելու նպատակով։ Իրանի ԱԳՆ-ն ծրագիրը որակել է «տնտեսական ահաբեկչություն»։
