Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, 5րօգտագործման թույլտվությունը փաստաթուղթ է, որը սահմանում է ջրային ռեսուրսի օգտագործման հիմնական պայմաններն ու պահանջները։
Յուրաքանչյուր ջրօգտագործման թույլտվություն բաղկացած է տիտղոսաթերթից, պահանջներից և պայմաններից։
Ի՞նչ տվյալներ պետք է նշվեն թույլտվության տիտղոսաթերթում։
Տիտղոսաթերթում նշվում են՝
- թույլտվության համարը,
- թույլտվություն ստացողի անունը կամ անվանումը և հասցեն,
- Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարի տվյալները,
- թույլտվության տրամադրման ամսաթիվը,
- դրա գործողության ժամկետը։
Ի՞նչ է սահմանվում թույլտվության պահանջներով։
Թույլտվությունը պետք է հստակեցնի՝
- որտեղ են իրականացվելու ջրառը, ջրահեռացումը և ջրօգտագործումը,
- ջուրն ինչ նպատակով է օգտագործվելու,
- ջրառի և ջրահեռացման թույլատրելի չափաքանակները,
- կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքերը,
- էկոլոգիական թողքը,
- ջրօգտագործման ժամանակահատվածը,
- հաշվառման, մոնիտորինգի և վերահսկողության մեխանիզմները,
- ջրերի նկատմամբ կիրառվող ստանդարտները,
- ջրային ռեսուրսներին վնաս հասցվելու դեպքում նախատեսվող երաշխիքները։
Ստորերկրյա ջրերի օգտագործման դեպքում թույլտվությամբ կարող են սահմանվել նաև հորատանցքերի կառուցման, լուծարման կամ կոնսերվացման պայմանները, այդ թվում՝ ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխին հատկացումներ կատարելու պարտականությունը։
Բացի այդ, թույլտվությունը սահմանում է դրա հետ կապված օրենքով նախատեսված վճարներն ու դրանց վճարման ժամանակացույցը։
Ի՞նչ են ջրօգտագործման թույլտվության պայմանները։
Ջրօգտագործման թույլտվությանը կարող են կցվել լրացուցիչ պայմաններ, որոնք պետք է ապահովեն ջրային օրենսգրքի պահանջների պահպանումը, սոցիալական և էկոլոգիական կայունությունը, ջրի արդյունավետ օգտագործումն ու որակի բարելավումը, ինչպես նաև կարևոր բնական միջավայրերի և կենսաբազմազանության պահպանությունը։
Այդ պայմանները համարվում են թույլտվության անբաժանելի մասը և ենթակա են գրանցման օրենքով սահմանված կարգով։
Կարևոր է․ միայն ջրօգտագործման թույլտվություն ունենալը ինքնին իրավունք չի տալիս փոփոխել կամ ձևափոխել ջրային ռեսուրսի հունը կամ ափերը։ Նման գործողությունները թույլատրելի են միայն համապատասխան իրավական պահանջների և, անհրաժեշտության դեպքում, թույլտվությամբ սահմանված առանձին պայմանների առկայության դեպքում։
Միաժամանակ, թույլտվության գործողության ընթացքում տրամադրված սերվիտուտները համարվում են օգտագործվող հողատարածքների անքակտելի մասը։
Նույնիսկ ջրօգտագործման թույլտվության վերաձևակերպման, վաճառքի կամ այլ եղանակով փոխանցման դեպքում սերվիտուտի պահանջը չի փոփոխվում։