Կապանում կամուրջներ են նորոգվել — Հայաստանի Հանրային Ռադիո

Կապանի համայնքապետարանից հայտնում են, որ քաղաքի բարեկարգմանն ու գեղագիտական տեսքի բարելավմանն ուղղված ծրագրերի շրջանակում ամբողջությամբ ավարտին են հասցվել քաղաքի երկու կարևոր տրանսպորտային և հետիոտնային հանգույցների՝ կամուրջների նորոգման աշխատանքները։

Ծրագրի արդյունքում Արամ Մանուկյան, Թումանյան, Հունան Ավետիսյան փողոցների և Սպանդարյան, Մուշեղ Հարությունյան, Շահումյան փողոցների հատման կամուրջները ներկայանալի տեսք են ստացել․ երթևեկելի հատվածները ասֆալտապատվել են, մայթերը՝ սալիկապատվել, փոխարինվել են բազրիքները` նոր, դեկորատիվ լուծումներով, կահավորվել ժամանակակից լուսատուներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Կապան համայնքի դրոշներով։

Միևնույն ժամանակ, իրականացված աշխատանքների արդյունքում ստեղծվել են տրանսպորտային միջոցների և հետիոտների տեղաշարժի համար առավել անվտանգ, հարմարավետ և բարեկարգ պայմաններ։

Կամուրջների նորոգումն իրականացվել է 2024 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ։

Սպանդարյան, Մուշեղ Հարությունյան, Շահումյան փողոցների հատման կամուրջի նորգման ընդհանուր արժեքը կազմել է 50 449 420 ՀՀ դրամ, որում համայնքի համաֆինանսավորման չափը՝ 22 702 239 ՀՀ դրամ։

Արամ Մանուկյան, Թումանյան, Հունան Ավետիսյան փողոցների հատման կամուրջի նորգման ընդհանուր արժեքը կազմել է 37 328 000 ՀՀ դրամ, որում համայնքի համաֆինանսավորման չափը՝ 16 797 600 ՀՀ դրամ։

Leave a Comment