Ուկրաինան ծրագիր է մշակել․ ԱԲ-ով դրոնների թիրախում կարող են հայտնվել Մոսկվայի օդանավակայանները

Տարեսկզբին ուկրաինացի պաշտոնյաները նախագահ Վլադիմիր Զելենսկուն ներկայացրել են Ռուսաստանի դեմ պատերազմի ավարտին հասնելու նոր ծրագիր, որը ստացել է «M&Ms» պայմանական անվանումը։ Այս մասին գրում է The…

Տարեսկզբին ուկրաինացի պաշտոնյաները նախագահ Վլադիմիր Զելենսկուն ներկայացրել են Ռուսաստանի դեմ պատերազմի ավարտին հասնելու նոր ծրագիր, որը ստացել է «M&Ms» պայմանական անվանումը։ Այս մասին գրում է The Atlantic-ը։

Պարբերականի տվյալներով՝ առաջարկը նախատեսում է շարունակել հարվածները Ռուսաստանի ռազմական բազաների, նավթավերամշակման ձեռնարկությունների, մատակարարման ուղիների և լոգիստիկ կենտրոնների ուղղությամբ։ Դրան զուգահեռ առաջարկվել է արհեստական բանականությամբ կառավարվող անօդաչու թռչող սարքերի խմբեր օգտագործել Մոսկվայի օդանավակայանների աշխատանքը խափանելու նպատակով։ Ըստ ծրագրի՝ նման գործողությունների հետևանքով կարող են խաթարվել նաև Ռուսաստանի մայրաքաղաքից իրականացվող միջազգային չվերթները։

The Atlantic-ը նշում է, որ նման ծրագրի իրականացումը կարող է նոր փուլ բացել ժամանակակից պատերազմներում։ Խոսքը ինքնավար անօդաչուների խմբերի մասին է, որոնք արհեստական բանականության օգնությամբ կարող են ինքնուրույն հայտնաբերել և ընտրել թիրախները, ինչպես նաև որոշակի պայմաններում դրանք խոցել՝ առանց օպերատորի անմիջական մասնակցության։

Վերջին տարիներին նման տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվում են տարբեր երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները։ Միաժամանակ դրանց ռազմական կիրառումը շարունակում է իրավական և էթիկական քննարկումների առարկա մնալ, մասնավորապես՝ միջազգային մարդասիրական իրավունքի և ռազմական գործողությունների ընթացքում մարդու վերահսկողության անհրաժեշտության տեսանկյունից։ Մինչ այժմ նման ինքնավար դրոնային համակարգերը լայնածավալ ռազմական գործողություններում զանգվածաբար չեն կիրառվել։

Leave a Comment