
«Սահմանադրությունը նախատեսում է, որ Կառավարության ձևավորման պահից 20-օրյա ժամկետում Կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի Ազգային ժողով։ ԱԺ-ն պետք է քննարկի ծրագրին հավանություն տալու հարցը, այդ գործընթացն էլ պետք է տևի 7 օր»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի փոխնախագահ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Կառավարությունը երկուշաբթի օրը ԱԺ –ում ներկայացնելու է Կառավարության ծրագիրը։
Վարդևանյանի դիտարկմամբ՝ դա տեղի է ունենում ԱԺ կանոնակարգ օրենքի խախտմամբ։ «Բայց ստեղծվել է իրավիճակ, երբ Ազգային Ժողովը դեռևս սահմանադրաիրավական տեսանկյունից ամբողջությամբ չի ձևավորվել։ Կառավարության ծրագրի ստուգումը կամ վերահսկողությունը պետք է իրականացվի ըստ ճյուղային հանձնաժողովների, երբ դրանք ձևավորված չեն, ԱԺ-ի կողմից Կառավարության ծրագրի պատշաճ քննությունն ինչպե՞ս պետք է լինի»,- պարզաբանեց Վարդևանյանը։