Չինաստանի ԱԳՆ-ն անօրինական է համարում Վաշինգտոնի կողմից միակողմանի միջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք աջակցություն են ցուցաբերում Իրանին



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանի իշխանություններն անօրինական են համարում Վաշինգտոնի կողմից միակողմանի միջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք աջակցություն են ցուցաբերում Իրանին: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հայտարարությունն Իրանին աջակցող երկրների վրա ճնշումն ուժեղացնելու մասին։

«Ես կցանկանայի կրկին հայտարարել, որ Չինաստանը դեմ է անօրինական միակողմանի պատժամիջոցներին, որոնք հիմք չունեն միջազգային իրավունքի առումով և չեն արժանացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանը», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ինչպես պարզաբանել է չինացի դիվանագետը, Պեկինը «բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում գործել պատասխանատու, խնդիրները լուծել քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներով»։ Նա նշել է, որ պատժամիջոցները և ռազմական ճնշումը «չեն նպաստում խնդիրների կարգավորմանն, այլ միայն սրում են լարվածությունը»։

Լին Ցզյանը նաև ընդգծել է, որ էսկալացիան «չի համապատասխանում կողմերից որևէ մեկի շահերին»։

Օգոստոսի 20-ին Բեսենթը հայտարարել էր Իրանի նկատմամբ «պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները» սահմանելու պլանների մասին՝ նշելով, որ եթե որևէ երկիր շարունակի բիզնես վարել Իրանի հետ, գումար փոխանցել, նավթ գնել, ապա ԱՄՆ ֆինանսների նախարարությունը և կառավարությունն իրենց ողջ հզորությունն ու ուժը կուղղեն նրանց դեմ։ «Դուք կա՛մ մեզ հետ եք, կա՛մ մեր դեմ», – նշել էր նա։



Leave a Comment