Հունաստանի ինքնիշխանությունը հստակ և վերջնականապես ամրագրված է միջազգային պայմանագրերով և քննարկման ենթակա չէ, հայտարարել է Հունաստանի արտգործնախարարությունը։
Le Monde-ը գրել է, որ Հունաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունները խորացել են նաև ծովային իրավազորության սահմանների, թուրքական օդանավերի կողմից հունական օդային տարածքի խախտումների և Անկարայի «Կապույտ հայրենիք» դոկտրինի պատճառով։
Օգոստոսի 15-ին Թուրքիան ստեղծել էր երկու ազգային ծովային պարկ՝ Էգեյան ծովի հյուսիսարևելյան հատվածում և Արևելյան Միջերկրականում։ Հունաստանը հայտարարել էր, որ դրանց սահմանները դուրս են գալիս Թուրքիայի տարածքային ջրերից, ընդգրկում բաց ծովի հատվածներ և տարածվում հունական մայրցամաքային շելֆի վրա։
Աթենքի գնահատմամբ՝ Թուրքիայի կողմից իր իրավազորությունից դուրս տարածքներում ծովային պարկերի միակողմանի ստեղծումն իրավական հետևանքներ չի առաջացնում և խախտում է միջազգային իրավունքը։ Հունաստանի ԱԳՆ-ն նաև հայտարարել էր, որ այդ քայլը խաթարում է երկու երկրների միջև փոխըմբռնումը պահպանելու ջանքերը։
Հունաստանի և Թուրքիայի միջև Էգեյան ծովի շուրջ ժամանակակից վեճերը սրվել են 1970-ականներին՝ մայրցամաքային շելֆի սահմանազատման և նավթի որոնման աշխատանքների պատճառով։ Հետագայում դրանց ավելացել են տարածքային ջրերի, օդային տարածքի և կղզիների կարգավիճակի շուրջ տարաձայնությունները։