«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Տիգրանաշենի կարգավիճակի և այն Ադրբեջանին փոխանցելու մասին հարցին։ Նա նշել է, որ «ՀՀ…
«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Տիգրանաշենի կարգավիճակի և այն Ադրբեջանին փոխանցելու մասին հարցին։
Նա նշել է, որ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության բնակավայր է և ընդգրկված է Արարատի մարզի Արարատ համայնքի կազմում։
Մելոյանի խոսքով՝ անգամ 2021 թվականին կատարված օրենսդրական փոփոխություններով Տիգրանաշենը ներառվել է Արարատ խոշորացված համայնքի կազմում։
«Այսինքն՝ այս իշխանությունն օրենսդրորեն ճանաչել է Տիգրանաշենը որպես Հայաստանի Հանրապետության տարածքի անբաժանելի մաս»,- գրել է նա։
Սահմանադրագետը նաև նշել է, որ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ Տիգրանաշենում գործել է 13/50 ընտրատեղամասը, իսկ բնակիչներն ունեն ՀՀ իրավասու մարմինների տրամադրած փաստաթղթեր, այդ թվում՝ սեփականության վկայականներ։
Մելոյանը հղում է արել նաև ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածին՝ պնդելով, որ Հայաստանի տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը պետք է լուծվեն հանրաքվեի միջոցով։
«Հետևաբար, առանց համապետական հանրաքվեի, Տիգրանաշենը չի կարող փոխանցվել Ադրբեջանին»,- գրել է Մելոյանը՝ պնդելով, որ առանց հանրաքվեի նման քայլը կլինի հակաիրավական և հակասահմանադրական։