Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման աջակցության միջոցառման շրջանակում թզի և դեղձի իրացման խնդիրը մեղմելու նպատակով։ Հիմնավորման համաձայն՝ ընթացիկ տարում սպասվում է թզի և դեղձի առատ բերք։ Թզի պահման կարճ ժամկետներով և արտահանման երկար լոգիստիկ երթուղիներով պայմանավորված խնդիրներ են առաջացել մասնավորապես՝ Սյունիքի մարզում արտադրված թզի բերքի իրացման հարցում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 1-ը փոխհատուցում տրամադրել՝ վերամշակման նպատակով Սյունիքի մարզից մինչև 400 տոննա քանակությամբ մթերվող թզի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 125 դրամի չափով, վերամշակման նպատակով ՀՀ տարածքից մթերվող դեղձի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 125 դրամի չափով։ Նախատեսվում է նաև սահմանել, որ միջոցառման շրջանակում վերամշակման նպատակով դեղձի և թզի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մթերման կետերում մթերումների գործընթացի մշտադիտարկումը կատարվում է ՀՀ մարզպետների աշխատակազմերի կողմից։ Վերամշակման նպատակով մթերված արտադրանքի դիմաց փոխհատուցման տրամադրման համար սահմանվում է, որ դիմումին կից ներկայացվում են վերամշակման նպատակով մթերված (գնված) արտադրանքի քանակի և արժեքի վերաբերյալ տեղեկությունը։ Արդյունքում՝ որոշակիորեն կմեղմվեն թզի և դեղձի իրացման հետ կապված խնդիրները և իրացման շուկաներում կբարձրանա դրանց վերամշակումից ստացվող արտադրանքի մրցունակության մակարդակը։
«Մենք պահպանում ենք արտահանման սուբսիդավորումները, և արտահանումները շարունակվում են և՛ թզի, և՛ դեղձի, և մյուս պտուղ-բանջարեղենի: Այս դեպքում ավելացնում ենք նոր բաղադրիչ. ամեն 1 կիլոգրամի համար մթերման ժամանակ 125 դրամ փոխհատուցում ենք տալիս: Սրանով ցանկանում ենք նվազագույնը 2 խնդիր լուծել: Առաջին խնդիրը գյուղացիական տնտեսությունների բերքի մթերումն ու սպառումն է, երկրորդ խնդիրը ևս պակաս կարևոր չէ. մշակող արդյունաբերության զարգացումն է, որովհետև եթե մենք աջակցում ենք, որպեսզի այդ ապրանքը դառնա պահածո, չիր, բնականաբար, նաև ենթադրվում է, որ գնային առումով ավելի մրցունակ ապրանք ենք ունենալու, որովհետև մեր տնտեսվարողները հնարավորություն են ունենալու լավ գնով ձեռք բերել, ինչը գյուղացու համար կարևոր է, բայց միևնույն ժամանակ նաև փոխհատուցում ստանալ, և դրա հետևանքով ինքնարժեքն իջեցնել և արդեն պարտրաստի արտադրանք մեր տեղական շուկային առաջարկել և արտահանման համար մրցունակ գնով պատրաստի արտադրանք շուկային առաջարկել»,- ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ տեղեկացնելով, որ կանխատեսումների համաձայն՝ մինչև սեպտեմբերի 1-ը 3000 տոննա դեղձ կմթերվի և առավելագույնը 400 տոննա թուզ:
Անդրադառնալով որոշումը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է դինամիկ գործելակերպ ունենալու և շուկայում առաջացած խնդիրներին արագ արձագանքելու կարևորությունը։ Վարչապետը կարևորել է նաև այն հանգամանքը, որ եթե որևէ ապրանքատեսակի արտահանման խնդիր կա, ապա պետք է աշխատել, որպեսզի դրանք մտցվեն չրի արտադրության, վերամշակման շղթայի մեջ: «Հույս ունենք, որ արդեն իսկ մեր վերամշակողները, և այս ուղերձներն էլ պետք է տալ, ավելի լայն շուկաներում այդ ապրանքները սպառելու կանխավարկածով կկառուցեն իրենց արտադրական ցիկլերը»,- ասել է վարչապետը։