Եվրամիությունը դատապարտել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախագահ Տոմոկո Ականեի և դատարանի ավագ դատավարական իրավաբան Աբդուլայե Սեյեի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները, հայտնում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունը։
«Դատարանի, նրա պաշտոնյաների և աշխատակիցների դեմ կիրառվող պատժամիջոցները խաթարում են աշխատանքը»,- նշված է ԵՄ հայտարարության մեջ։
ԵՄ-ն ընդգծել է, որ ՄՔԴ-ի անկախությունը, անաչառությունը և իր մանդատն իրականացնելու կարողությունը պետք է պաշտպանված լինեն ճնշումներից, ահաբեկումից և միջամտությունից։
Միությունը վերահաստատել է ՄՔԴ-ին աջակցելու և Հռոմի ստատուտին հավատարիմ մնալու պատրաստակամությունը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն օգոստոսի 18-ին հայտարարել էր, որ Ականեն և Սեյեն ընդգրկվել են պատժամիջոցների ցանկում՝ ՄՔԴ-ի՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար ենթադրյալ սպառնալիքին հակազդելու քաղաքականության շրջանակում։ ԱՄՆ վարչակազմը դատարանին մեղադրել է իր լիազորությունները չարաշահելու, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների նկատմամբ իրավասություն տարածելու և նրանց ինքնիշխանությանը սպառնալու մեջ։
ՄՔԴ-ն մերժել է ԱՄՆ-ի որոշումը՝ այն որակելով հարձակում անկախ միջազգային դատական հաստատության և նրա պաշտոնյաների վրա։ Դատարանը հայտարարել է, որ շարունակելու է իրականացնել իր մանդատը՝ չնայած արտաքին ճնշումներին։
2025 թվականի փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Սպիտակ տունը որոշումը հիմնավորել էր ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների նկատմամբ դատարանի գործողություններով։ Հրամանագիրը նախատեսում է պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձանց՝ ԱՄՆ-ում գտնվող ակտիվների արգելափակում և մուտքի սահմանափակում։
2024 թվականի նոյեմբերի 21-ին ՄՔԴ-ն ձերբակալման օրդերներ էր տրամադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և այդ ժամանակ պաշտպանության նախարար Յոավ Գալանտի նկատմամբ։ Դատարանը հայտնել էր, որ կան ողջամիտ հիմքեր ենթադրելու, որ նրանք պատասխանատվություն են կրում Գազայում պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների համար։