Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն արձագանքել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հայտարարությանը, որտեղ վերջինս պնդել էր, որ «Ոժեղ Սփյուռք» ՝ «Ուժեղ Հայաստան» բանաձևը «միֆ է» և ասել, որ «այն մարդիկ, ովքեր ասում են՝ Սփյուռքը պետք է հզորանա, դա նույնն է, թե ասեն՝ Հայաստանը պետք է թուլանա»։
Եղոյանի համոզմամբ, Սփյուռքն ուժեղանում է միայն ՀՀ-ն լքած քաղաքացիներին հաշվին, դրանից ելնելով նա հետևություն է արել որ ՀՀ-ն չի ուժեղանա Սփյուռքի կառույցների աշխատանքի արդյունքում:
ՔՊ պատգամավորի՝ «ուժեղ Սփյուռք նշանակում է թույլ Հայաստան» արտահայտությանը Փափազյանը հակադարձել է, շեշտելով, ՀՀ-ն ու Սփյուռքը նույն ազգի երկու չափումներն են, գրել է նա Facebook-ում։
«Հայաստանը և Սփյուռքը հաղորդակից անոթներ չեն, որ մեկը դատարկվի, որպեսզի մյուսը լցվի», – ասել է Փափազյանը։
Փափազյանն ընդգծել է, որ իշխանությունների դեմ քննադատությունը չի նշանակում պայքար հայկական պետականության դեմ, իսկ Սփյուռքի ավանդական ինստիտուտների թիրախավորումը բխում է Անկարայի և Բաքվի շահերից։
Փափազյանը հիշեցրել է, որ «լեգիտիմությունը միայն ընտրական մանդատով չի որոշվում, այլ ձևավորվում է ծառայությամբ, համայնքները մոբիլիզացնելու կարողությամբ և շոշափելի արդյունքներով»։
«Կառավարությունները ժամանակավոր են, պետությունը՝ հավերժ»,- շեշտել է Փափազյանը։
Անդրադառնալով Սփյուռքի կառույցներին՝ Փափազյանը կարևորել է հատկապես դրանց հայապահպանական առաքելությանը, նշել նաև, որ այդ կառույցները խորհրդային տարիներին իրականացրել են ոչ պաշտոնական դիվանագիտություն՝ հայկական հարցը պահելով միջազգային օրակարգում։
«Սփյուռքը ջնջման սպառնալիքի տակ գտնվող հիշողությունը վերածել է միջազգայնորեն ճանաչված պատմական ճշմարտության»,-ասել է Փափազյանը։
Փափազյանը նաև Արցախին և արցախահայությանն է անդրադարձել՝ ասելով, որ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակումը պետք է անքննելի պահանջ լինի։ «Նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը պետք է մնա կենտրոնական, հանրային և անվիճելի պահանջ Ադրբեջանի հետ ցանկացած փոխգործակցության մեջ»,- հավելել է գործիչը։
