ՀՀ գյուղատնտեսության ոլորտում 15.3% անկում է գրանցվել․ Պապոյան

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում 15.3% անկում է արձանագրվել։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Միաժամանակ, ըստ նախարարի, Հայաստանի ՀՆԱ-ն…

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում 15.3% անկում է արձանագրվել։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Միաժամանակ, ըստ նախարարի, Հայաստանի ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.7%-ով։

Տնտեսության հիմնական ճյուղերից արդյունաբերությունն աճել է 6.4%-ով, շինարարությունը՝ 20%-ով, իսկ առևտրի և ծառայությունների ոլորտը՝ 7.7%-ով։

Նշենք, որ գյուղատնտեսության անկում էր արձանագրվել նաև ամբողջ առաջին կիսամյակի կտրվածքով․ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ոլորտում նվազումը կազմել է 11.9%։

Այս տարվա ընթացքում հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար խնդիրներ են առաջացել նաև ռուսական շուկայում։ Մայիսից Ռուսաստանը սահմանափակումներ էր մտցրել Հայաստանից մի շարք ապրանքների, այդ թվում՝ ծաղիկների, մրգերի և բանջարեղենի որոշ տեսակների ներմուծման նկատմամբ՝ պատճառաբանելով դրանք հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության պահանջներով։

Օգոստոսի 13-ին Գևորգ Պապոյանը և ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը քննարկել էին հայկական արտադրանքի՝ Ռուսաստան մատակարարումների հետ կապված հարցերը։

Leave a Comment