ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է բանակցությունները ռուսական կողմի հետ՝ Հայաստանից Ռուսաստան գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հարցով։ Ռոսսելխոզնադզորն ավելի վաղ…
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է բանակցությունները ռուսական կողմի հետ՝ Հայաստանից Ռուսաստան գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հարցով։
Ռոսսելխոզնադզորն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանից ակնկալում է գյուղատնտեսական մատակարարման շղթաներում արձանագրված խախտումների հետաքննության արդյունքները և ԵԱՏՄ անասնաբուժական ու բուսասանիտարական պահանջների պահպանմանն ուղղված գործողությունների հստակ ծրագիր։
ՍԱՏՄ-ից հայտնել են, որ ռուսական կողմի հետ շարունակվում է «կառուցողական երկխոսությունը»․ հստակեցվում են համատեղ քայլերը և համաձայնեցվում անհրաժեշտ միջոցառումների ժամանակացույցը։
Միաժամանակ բանակցությունների մանրամասները դեռ չեն հրապարակվում, քանի որ գործընթացը շարունակվում է։ Բանակցությունների ավարտի վերջնաժամկետ ևս այս պահին չկա։
ՍԱՏՄ-ից չեն հայտնել նաև, որ սահմանափակված ապրանքներից որևէ մեկն արդեն Ռուսաստան արտահանելու թույլտվություն է ստացել։ Նշվում է, որ բոլոր ապրանքների հետ կապված հարցերը քննարկվում են ընդհանուր փաթեթով։
Հիշեցնենք՝ Ռուսաստանը մայիսից փուլ առ փուլ սահմանափակումներ է կիրառել Հայաստանից մի շարք ապրանքների՝ այդ թվում ձկան, ծաղիկների, միրգ-բանջարեղենի, իսկ հունիսից նաև բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման նկատմամբ։