«Մի քիչ բարի եղեք, լայն սիրտ ունեցեք, արևի պես նայեք աշխարհին»․ Թումանյանի պատասխանը քննադատներին. «Հայագիտակ»

Ստեղծագործական կյանքի առաջին իսկ քայլերից Հովհաննես Թումանյանը հայտնվեց քննադատների դաժան կարծիքների կիզակետում։ Նրան մեղադրում էին հնարավոր ու անհնար ամեն ինչում՝ գրագողությունից մինչև հոգեբանության չիմացություն։

Հատկապես սուր քննադատության արժանացավ «Լոռեցի Սաքոն» պոեմը․ շատերը չէին հավատում, թե ինչպես կարող էր խելագարվել Սաքոյի պես աժդահա իգիթը։ Բայց, ինչպես հետագայում հաստատեցին հոգեբանները, դա լիովին հնարավոր էր։ Այնուամենայնիվ, բանաստեղծը ստիպված եղավ յոթ անգամ մշակել ու վերահրատարակել պոեմը։

Թումանյանը հանգիստ էր ընդունում քննադատությունը․ նա ազդվում էր միայն հոդվածներում առկա անթաքույց չարությունից։ Չէ՞ որ խոսքը հաճախ ժողովրդական բանահյուսությունից օգտվելու կամ թափառող սյուժեները մշակելու մասին էր։ «Մի քիչ բարի եղեք, լայն սիրտ ունեցեք, արևի պես նայեք աշխարհին: Դուք էլ օգտվեք այդ ծով հնարավորությունից»,- ասում էր նա։

Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Թումանյանագիտության խմբի ղեկավար, բանասիրական գիտությունների դոկտոր Եվա Մնացականյանի խոսքով՝ Թումանյանի դեմ գրված հոդվածներն այսօր տպագրվում են հատորներով և մեծ արժեք են ներկայացնում ժամանակակից գրաքննադատների ու թումանյանագետների համար։

Leave a Comment