ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցի իր գործով առաջիկա դատական նիստերին։ Նման որոշում է կայացրել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը՝ բավարարելով Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանի…
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցի իր գործով առաջիկա դատական նիստերին։ Նման որոշում է կայացրել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը՝ բավարարելով Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանի միջնորդությունը։
Դատարանը բավարարել է նաև մյուս մեղադրյալներ Վալերի Գրիգորյանի և Ալեքսան Ալեքսանյանի պաշտպանների նույնաբովանդակ միջնորդությունները։
Այսպիսով, այս գործով հետագա դատական նիստերը կարող են անցկացվել առանց մեղադրյալների մասնակցության։ Միաժամանակ, եթե դատավարության որևէ փուլում դատարանը նրանց ներկայությունը պարտադիր համարի, նրանք պետք է ներկայանան։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։30-ին։
Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանին առնչվող չորս գործ քննվում է երկու վարույթի շրջանակում։ Այսպես կոչված «Դիզելի գործը» միացվել է մեկ այլ գործի, որում շոշափվում են նաև Սեդրակ Քոչարյանի և Միխայիլ Բաղդասարովի անունները։ Իսկ գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք ստանալու և Իսակովի պողոտայում հողերի օտարման վերաբերյալ գործերը միավորվել են մեկ այլ վարույթում։