Ղազինյանի հետ միջադեպից հետո Ալեքսանյանը խոստացել է հետևություններ անել

Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ օգոստոսի 19-ին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ընդդիմության մտահոգություններն առնվազն մասամբ հիմնավոր էին, և դրանցից հետևություններ կարվեն։ ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումը՝ Armenia TodayYoutube-ի ալիքում։

«Երեկ նորից նայել եմ մեր երեկվա նիստերը, լսել եմ ձեր հնչեցրած մտահոգությունները՝ թե՛ դահլիճից, թե՛ դրսից։ Առնվազն դրանց տակ որոշակի լեգիտիմություն կար, ու դրանից հետևություններ կարվեն»,- ասել է Ալեքսանյանը։

Միաժամանակ նա ընդդիմադիր պատգամավորներին հորդորել է ևս վերանայել իրենց վարքագիծը։ Ալեքսանյանի խոսքով՝ «ինքնահայեցումը» պետք է փոխադարձ լինի, և այդ դեպքում հնարավոր կլինի վերականգնել խորհրդարանի բնականոն աշխատանքը։

Ալեքսանյանի հայտարարությունից հետո Ղազինյանը հորդորել է ԱԺ նախագահությանը միջամտել միայն նիստի կանոնակարգման և վարման անհրաժեշտության դեպքում։ Նա նաև կոչ է արել, որ ամբիոնից «սուտ կամ կեղծ տեղեկություն» հնչելու վերաբերյալ նախագահության մոտեցումը հավասարապես տարածվի բոլոր պատգամավորների վրա։

«Իմ հորդորը դա է, ու այսպիսի միջադեպեր, համոզված եմ, չեն լինի»,- նշել է Ղազինյանը։

Ալեքսանյանն ի պատասխան նշել է, որ Ղազինյանի դիտարկումն «առնվազն լսելի է»՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ նախորդ օրվա նիստը կրկին դիտել է։

Օգոստոսի 19-ին Ալեքսանյանի և Ղազինյանի միջև վիճաբանությունից հետո ԱԺ փոխնախագահը պատգամավորի նկատմամբ մի քանի կարգապահական միջոց է կիրառել՝ ի վերջո մինչև օրվա ավարտը զրկելով նրան նիստերին ներկա գտնվելու իրավունքից։ Ղազինյանին դահլիճից հեռացնելու համար ներս էին հրավիրվել անվտանգության աշխատակիցներ, սակայն նրանց մոտենալուց հետո պատգամավորը հեռացել էր ինքնուրույն։ Ի նշան Ղազինյանին աջակցության՝ նիստերի դահլիճը լքել էին նաև «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները։

Leave a Comment