ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվում է հունիսի 23-ը սահմանել որպես Հանրային ծառայողի օր։ Այդ օրը լինելու է աշխատանքային։
Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 20-ի կառավարության նիստում։
Հանրային ծառայողի օրվա սահմանման համար անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել օրենքում։ Հունիսի 23-ն ընտրվել է՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2002 թվականի որոշումը, որով այդ օրը հռչակվել է Միավորված ազգերի կազմակերպության հանրային ծառայության օր։ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի մշակած նախագիծն ուղարկվել է Ազգային ժողովի քննարկմանը։ Կառավարությունում նախաձեռնությունը հիմնավորում են բոլոր հանրային ծառայողների համար՝ անկախ նրանց գործունեության ոլորտից կամ զբաղեցրած պաշտոնից, մեկ միասնական օր սահմանելու անհրաժեշտությամբ։ Ըստ նախագծի հեղինակների՝ այն պետք է ընդգծի հանրային ծառայողների ընդհանուր առաքելությունը պետական կառավարման համակարգի աշխատանքում և քաղաքացիներին ծառայությունների մատուցման գործում։ Միասնական օրվա սահմանումը բխում է նաև հանրային կառավարման ոլորտում որդեգրված միասնականացման քաղաքականությունից և չի չեղարկում առանձին ոլորտների մասնագիտական տոները։ Նախագծի ընդունումը պետական բյուջեից հավելյալ ծախսեր կամ եկամուտների փոփոխություն չի պահանջի։ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 23-ը Հանրային ծառայության օր է հռչակել 2002 թվականին։ Օրվա նպատակն է ընդգծել հանրային ծառայության դերը հասարակության զարգացման գործում, գնահատել հանրային ծառայողների աշխատանքը և խրախուսել երիտասարդներին մասնագիտական ուղի ընտրել պետական հատվածում։