Հայաստանի կառավարությունը հանել է ժամկետային աշխատանքային պայմանագրով համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու տարիքային սահմանափակումը։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության օգոստոսի 20-ի նիստում։
Որոշման հիմնավորման մեջ իշխանությունները նաև նշել են, որ փոփոխությունները նպատակաուղղված են երկրի սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների առավել ակտիվ ներգրավման համար պայմանների ստեղծմանը։
Փոփոխությունները պայմանավորված են մայիսի 7-ին ընդունված օրենքով, որով վերացվել էր համայնքային ծառայողների համար սահմանված 65 տարեկանի առավելագույն շեմը։ Որոշման ընդունումից հետո նրանց հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցումն իրականացվելու է «Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով։
Կառավարության որոշմամբ համապատասխան փոփոխություններ են կատարվել գործող ենթաօրենսդրական ակտերում։ Որոշման ընդունումը պետական բյուջեից հավելյալ ծախսեր չի պահանջի։
