Հայաստանի կառավարությունը 16,7 մլն դրամ (մոտ 45,6 հազար դոլար) է հատկացրել Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեք երեխաների բժշկական տարհանման և երկրում բուժման համար։
Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության օգոստոսի 20-ի նիստում։
Միջոցները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից։ Ընդհանուր գումարից 12,5 մլն դրամը (մոտ 34,1 հազար դոլար) նախատեսված է երեխաների բուժման, իսկ մնացած միջոցները՝ նրանց տեղափոխման, կացության և հարակից ծախսերի համար։
Սկզբում գնահատվել էր Գազայից 11 երեխայի առողջական վիճակը։ Հայաստանում բուժման համար ընտրվել էր յոթը, սակայն նրանցից միայն երեքի ընտանիքներն են համաձայնել գալ երկիր՝ մեկական ուղեկցողով։
Մեկ երեխա հետազոտություն և բուժում կստանա «Արաբկիր» բժշկական կենտրոնում, ևս երկուսը՝ սրտի բնածին արատով, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում։
Երեխաներին և ուղեկցողներին ծրագրվում է տարհանել Հորդանանով, ցամաքային տրանսպորտով «Ալենբի» անցակետից տեղափոխել Ամման, այնուհետև կանոնավոր չվերթով՝ Երևան։
Պացիենտներին ուղեկցելու համար Հայաստանը Հորդանան կուղարկի բժշկի և առողջապահության համակարգի ներկայացուցչի։
Տարհանումը տեղի կունենա Իսրայելի և Պաղեստինի պատասխանատու մարմիններից համապատասխան թույլտվություններ ստանալուց հետո։ Չօգտագործված միջոցները կվերադարձվեն պետական բյուջե։
Գազայի պատերազմը սկսվել էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Իսրայելի հարավի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։ Իսրայելը պատասխանել էր լայնածավալ ռազմական գործողություններով Գազայի հատվածում։
ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի վերջին հասանելի ընդհանուր տվյալներով՝ ապրիլի 28-ի դրությամբ Գազայից մասնագիտացված բուժման համար բժշկական տարհանման կարիք ուներ ավելի քան 18,5 հազար մարդ, այդ թվում՝ շուրջ 4 հազար երեխա։ Հուլիսի վերջին հրապարակված զեկույցի համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում Գազայից արտերկիր է տարհանվել ևս 81 մարդ, այդ թվում՝ 13 երեխա։
