Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված իր ծրագրին։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության օգոստոսի 20-ի նիստում։
Փաստաթուղթը կուղարկվի Ազգային ժողովի քննարկմանը։ Ինչպես օգոստոսի 19-ին հայտնել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, այն պատգամավորներին կներկայացվի հաջորդ շաբաթ։
Սահմանադրության համաձայն՝ կառավարության կազմավորումից հետո 20-օրյա ժամկետում վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը։
Ազգային ժողովի կողմից ծրագրի հավանության արժանանալուց հետո կառավարությունը եռամսյա ժամկետում կհաստատի կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը։
Կառավարության ծրագիրը հիմնված է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, ինչպես նաև Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի վրա։
Փաստաթղթի հիմնական ուղղություններն են արտաքին քաղաքականությունն ու անվտանգությունը, մարդկային կապիտալն ու բարեկեցությունը, տնտեսական վերափոխումը, քաղաքաշինությունն ու ենթակառուցվածքները, ինչպես նաև ժողովրդավարությունը, արդարադատությունը, կոռուպցիայի դեմ պայքարը և ինստիտուցիոնալ զարգացումը։
Ազգային ժողովը Կառավարության ծրագիրը պետք է քննարկի և հավանության արժանացնի յոթնօրյա ժամկետում՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Ընդունումից հետո նախարարությունների և պետական մարմինների համար կսահմանվեն ծրագրային նպատակներն ու դրանց իրականացման քայլերը։