Երուսաղեմի հայկական թաղամասի պատմական փողոցներից մինչև Երևանի ժամանակակից եռուզեռ․ Լևոն Քալայջյանի ճանապարհը դեպի հայրենիք այս անգամ սովորական զբոսաշրջային այց չէր։ Լինելով PR ոլորտի փորձառու մասնագետ և Երուսաղեմում «Roots and Patterns» հիմնադրամի հիմնադիր՝ նա որոշեց իր մասնագիտական հմտությունները ծառայեցնել Հայաստանին՝ դառնալով «Հայ կամավորների միության» (AVC) անդամ։
Կամավորությունը՝ որպես անձնական և ազգային ներդրում
Կամավորությունը շատերի համար կարող է թվալ միայն օգնություն, բայց Լևոնի համար այն հայրենիքի հետ կապի ամենաամուր օղակն է։ Նա չի թաքցնում, որ սփյուռքահայ կամավորը հաճախ ավելի շատ է ներդնում, քան ակնկալում է ստանալ, բայց հենց դա է հաջողության գաղտնիքը։
Տուրիստական բացիկից այն կողմ. իրական Հայաստանը
Հաճախ սփյուռքահայերը Հայաստանը տեսնում են միայն Գառնի-Գեղարդ կամ լավագույն ռեստորանների պրիզմայով։ Կամավորական աշխատանքը Լևոնին թույլ տվեց պատռել այդ «զբոսաշրջային քողը» և տեսնել իրական, շնչող ու աշխատող երկիրը․ «Երբ կու գաս ու կամաւոր կ’ըլլաս, դուն ուրիշ Հայաստան մը կը տեսնես։ Մենք միշտ կ’երթանք ռեստորաններ, Գառնի, Գեղարդ… բայց այս անգամ, որ կ’երթանք գիւղեր, կը ծանօթանանք տեղացի մարդոց հետ, իրենց հետ հաց կ’ուտենք, կ’երթանք կ’օգնենք երեխաներուն… կը փորձենք մեր գիտցածը բերել մեր սիրելիներուն՝ մեր Հայաստանին»։


PR-ը՝ որպես ռազմավարական զենք
Լևոնը, որպես մասնագետ, նկատում է, որ Հայաստանն ունի աշխարհին ներկայանալու հսկայական պոտենցիալ, որը դեռ լիարժեքորեն չի օգտագործվում։ Նա կամավորության ընթացքում իր փորձն է ներդնում հայկական մշակութային նախագծերի (օրինակ՝ «Նաղաշ» անսամբլի) հանրայնացման գործում։ Ըստ նրա՝ Հայաստան-Սփյուռք գործակցության հիմքում պետք է դրվի միասին աշխատելու մշակույթը․ «Կարծեմ այդ համագործակցութիւնը ամենակարեւոր բանն է։ Երբ մենք համագործակցինք ուրիշ ազգերու հետ, ուրիշ քաղաքներու հետ… մենք շատ լաւ կրնանք այդ գործը ընել։ Երբ այդ քայլը առնենք եւ սկսինք ուզել միասին աշխատիլ ամենուն լաւութեան համար, եւ ոչ միայն մեր անձի լաւութեան համար, այդ արդէն փոփոխութիւն կը բերէ»։
Երուսաղեմի հայկական ոգին և հայացքը դեպի ապագա
Լևոնը խոսում է նաև Երուսաղեմի հայ համայնքի դիմակայության մասին, հատկապես «Կովերի պարտեզի» պայքարի համատեքստում։ Չնայած դժվարություններին ու պատերազմական վիճակին՝ Երուսաղեմի հայ երիտասարդությունը կառչած է իր հողին, բայց միևնույն ժամանակ Հայաստանը տեսնում է որպես միակ ապահով հանգրվանը․ «Մենք հոն օտար չենք զգար, որովհետեւ մենք մեր համայնքը ունինք… բայց Հայաստանը ապահով է երեխաներու համար, ընտանիքներու համար։ Հայաստանը շատ աւելի լաւ է, քան ուրիշ երկիրներ»։
Հայրենասիրությունը ոչ թե հեռվից սիրելն է, այլ սեփական ժամանակը, գիտելիքը և սիրտը հայրենիքի շենացմանը նվիրելը։ Կամավորությունը ոչ միայն օգնություն է պետությանը, այլև հնարավորություն՝ սեփական արմատներին ավելի մոտ կանգնելու և ապագայի ամուր հիմքեր գցելու համար։