2018 թվականի աշխարհի չեմպիոն Պոգբան հեռացել է «Մոնակոյից»

«Մոնակո» ֆուտբոլային ակումբը և ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պոգբան «Մոնակոյի» հետ պայմանագիր էր կնքել 2025 թվականի հունիսին, որը նախատեսված էր մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

«Ակումբը խորին շնորհակալություն է հայտնում 2018 թվականի աշխարհի չեմպիոնին՝ ցուցաբերած վստահության և «Մոնակոյում» գտնվելու ողջ ընթացքում դրսևորած բարձր պրոֆեսիոնալիզմի համար»,– ասվում է ակումբի հայտարարության մեջ։

Պոգբան շնորհակալություն է հայտնել ակումբի նախագահին և ղեկավարությանը, թիմակիցներին, աշխատակիցներին ու երկրպագուներին՝ նշելով, որ ակումբն ու իշխանապետությունը ներկայացնելն իր համար հիանալի փորձ էր։

33-ամյա Պոգբան «Մոնակոյի» կազմում անցկացրել է 6 հանդիպում։ Նա 2018 թվականի աշխարհի չեմպիոն է և 2016 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Կարիերայի ընթացքում հանդես է եկել իտալական «Յուվենտուսում» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում 2017 թվականին հաղթել է Եվրոպա լիգայում։ «Յուվենտուսի» հետ ֆրանսիացին չորս անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, երեք անգամ նվաճել Իտալիայի Սուպերգավաթը և երկու անգամ՝ երկրի գավաթը։

2024 թվականի փետրվարին Պոգբան հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել էր չորս տարով, սակայն հոկտեմբերին Սպորտային արբիտրաժային դատարանը որակազրկման ժամկետը կրճատել էր մինչև 18 ամիս։

Leave a Comment