Դատական համակարգում գործերը կթվայնացվեն, դատավորների ընտրության և գնահատման կարգերը կբարելավվեն

Դատական համակարգի բարեփոխումների նոր փուլի հիմքում դրվելու է իրավունքի գերակայության ամրապնդումն ու դատարանների նկատմամբ հանրային վստահության բարձրացումը։ Նպատակն է ձևավորել համակարգ, որի որոշումների օրինականությանը, մասնագիտական որակին և անաչառությանը հավասարապես կվստահեն քաղաքացիները, բիզնեսը և պետությունը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Կառավարության ծրագրից։  Ըստ ծրագրի՝

Դատական համակարգի բարեփոխումների առանցքում է իրավունքի գերակայության ամրապնդումը, որպեսզի քաղաքացին, բիզնեսը և պետությունը հավասարապես վստահեն դատարանների որոշումների օրինականությանը, մասնագիտական որակին և անաչառությանը։

Դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացման համատեքստում՝

  • Դատական համակարգի անկախության ամրապնդման նպատակով կատարելագործվելու են դատավորների կրթության, ընտրության, նշանակման, գնահատման, առաջխաղացման և պատասխանատվության ընթացակարգերը:
  • Դատական ընթացակարգերն ամբողջությամբ թվայնացվելու են միասնական թվային համակարգի ներդրմամբ, որը կենտրոնացնելու է բոլոր դատավարությունների կառավարումը՝ փոխարինելով ներկայիս մասնատված համակարգերին:
  • Անձանց դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրացման նպատակով շարունակաբար ներդրվելու են դատարաններում գործերի արդյունավետ և ողջամիտ ժամկետներում քննության մեխանիզմներ, որոնք նպաստելու են դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը, ինչպես նաև ապահովելու են արդյունավետ դատական քննության իրականացումը:
  • Դատարանների բնականոն գործունեության, մատչելիության և արդարադատության իրականացման պատշաճ պայմանների ապահովման նպատակով մշակվելու են դատարանների շենքային և նյութատեխնիկական ապահովման միասնական ստանդարտներ, և փուլային եղանակով ապահովվելու է դրանց ներդրումը:
  • Բարելավվելու է փորձագիտական գործունեության ոլորտը՝ միասնական օրենսդրության մշակման, փորձագետների որակավորման և փորձաքննությունների իրականացման չափանիշների ներդրման, փորձագիտական հաստատությունների կարողությունների՝ միջազգային չափանիշներին համընթաց զարգացման միջոցով:
  • Ապահովվելու է դատաիրավական համակարգի մասնագիտական կարողությունների և Արդարադատության ակադեմիայի համապարփակ զարգացումը՝ հետազոտական և վերլուծական կենտրոնի ստեղծման, կրթական ծրագրերի շարունակական արդիականացման միջոցով։

Leave a Comment