Շվեյցարիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (կառավարությունը) որոշել է հաստատել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթից բխող լրացուցիչ միջոցները։ Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի օգոստոսի 20-ից, ասվում է կառավարության հայտարարության մեջ։

Էներգետիկ ոլորտում Բեռն արգելում է գազատար նավերի, սառցահատների և Ռուսաստանում գտնվող հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) տերմինալների սպասարկումը, ինչպես նաև արգելում է տանկերների վաճառքը Ռուսաստանին։ Բացի այդ, երրորդ երկրներին տանկերների վաճառքի պայմանագրերն այսուհետ պետք է ներառեն դրույթ, որն արգելում է դրանց վերավաճառքը Ռուսաստանին։ Որոշ միջոցներ, այդ թվում՝ ՀԲԳ տերմինալների սպասարկման արգելքը, ուժի մեջ կմտնեն միայն 2027 թվականի հունվարի 1-ից, իսկ մի շարք այլ դրույթներ՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից և 21-ից։

Ֆինանսական ոլորտում արգելվում է ռուսական հարթակների օգտագործումը կրիպտոակտիվների փոխանակման և փոխանցման համար, ինչպես նաև որոշ թվային ակտիվների մշակմանն աջակցելը։ Խոսքը ռուբլու A7A5 ստեյբլքոինի, RUBx ակտիվի և թվային ռուբլու մասին է։ Առանձին միջոցներ են հաստատվել նաև շվեյցարական ընկերությունների, նրանց մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, ինչպես նաև Ռուսաստանում դրանց դեմ ներկայացված հայցերից և կայացված դատական որոշումներից պաշտպանվելու համար։

Մայիսի 22-ին Բեռն իրականացրել էր Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի առաջին մասը՝ իր պատժամիջոցների ցանկում ներառելով Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի և էներգետիկ ոլորտի հետ առնչվող 115 ֆիզիկական և 60 իրավաբանական անձի։

Leave a Comment