Սիրիայում Աբու Դուհուր օդանավակայանի վրա Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածը կարող էր հանգեցնել Իսրայելի և Թուրքիայի միջև սրացման և ռազմական հակամարտության, հայտարարել է Սիրիայի և Իրաքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Բարաքը հայտարարել է, որ հարվածը «իրական ռիսկ էր պարունակում իրավիճակի արագ սրման՝ վերածվելով Իսրայելի և Թուրքիայի, ինչպես նաև Սիրիայի միջև ուղղակի ռազմական հակամարտության»։
«Թուրքական ուժերը տեղյակ չէին, որ իսրայելական ինքնաթիռները շարժվում էին դեպի այս կոնկրետ սիրիական բազան և չգիտեին իրենց թիրախը, ուստի նրանք, հնարավոր է, որոշել էին օդ բարձրացնել իրենց կործանիչները՝ կարծելով, որ իրենք հարձակման տակ են», – գործակալությունը մեջբերել է դիվանագետի խոսքերը։ Դեսպանի խոսքով՝ Միացյալ Նահանգները ներկայումս բանակցություններ է վարում բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ «Իսրայելի և Սիրիայի միջև շփումները կանխելու մեխանիզմի» վերսկսման վերաբերյալ, և Թուրքիային կարող է հրավիրել մասնակցելու ուղղակիորեն կամ անուղղակիորեն։
Օգոստոսի 18-ին Reuters-ը, հղում անելով սիրիական լրատվամիջոցներին, հայտնել էր, որ Իսրայելն ութ ավիահարված է հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպի մոտ գտնվող Աբու Դուհուր ավիաբազայի թռիչքուղուն և պահեստային օբյեկտներին: Հարվածների հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չկային:
Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ Սիրիան գտնվում է «անվտանգության հարցերով Իսրայելի հետ համաձայնեցված ստատուս քվոն» խախտելու եզրին՝ թույլատրելով թուրքական զորքերի տեղակայումը ավիաբազայում: «Իսրայելը բազմիցս զգուշացրել է Սիրիային, որ նման տեղակայումը կսպառնա Իսրայելի անվտանգությանը: Սիրիան որոշել է անտեսել այդ նախազգուշացումները», – ասվում է հայտարարության մեջ:
Այն ընդգծում է, որ «Իսրայելը չի հանդուրժի իր անվտանգությանը սպառնացող վտանգները»: Միևնույն ժամանակ, հայտարարության մեջ նշվում է, որ իսրայելական կողմը «կողջունի ստատուս քվոյի վերադարձը»: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ավիահարվածները խախտել են Սիրիայի տարածքային միասնությունն ու ամբողջականությունը և կոչ է արել միջազգային հանրությանը «ավելի վճռական դիրքորոշում ընդունել՝ Իսրայելի կողմից Սիրիայի դեմ աճող ագրեսիան դադարեցնելու համար»:
2025 թվականի փետրվարին լրատվամիջոցները հայտնել էին, որ Դամասկոսն ու Անկարան քննարկում են համատեղ պաշտպանական պայմանագիր, որի համաձայն՝ Թուրքիան կարող է Սիրիայում տեղակայել ավիաբազաներ, օգտագործել Սիրիայի օդային տարածքը ռազմական նպատակներով և առաջատար դեր ստանձնել սիրիական նոր բանակի պատրաստման գործում։
