Վերաքննիչը բավարարել է Արաբկիրում կառուցվող 9 հարկանի շենքի շինարարությունը կասեցնելու միջնորդությունը

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է Արաբկիր վարչական շրջանի 23-րդ փողոցում «Մեծն Էրիկ» ՍՊԸ-ի (անվանափոխված «ԲՐԱՎԵՐԿ» ՍՊԸ) կողմից իրականացվող 9 հարկանի բնակելի շենքի շինարարությունը կասեցնելու միջնորդությունը։

Շենքի հարևանությամբ գտնվող առանձնատան սեփականատերերը՝ Աննա Ենգիբարյանը և Սիմոն Սիմոնյանը, շինարարության մասին իմացել են միայն աշխատանքները սկսվելուց հետո, իսկ նախագիծն ուսումնասիրելիս արձանագրել են շինարարական նորմերի մի շարք խախտումներ։

Հայցվոր կողմը 2026 թվականի հունիսի 15-ին դիմել էր Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել շինթույլտվությունը և կասեցնել աշխատանքները։ Դատարանը հայցադիմումն ընդունել էր վարույթ, սակայն շինարարությունը կասեցնելու միջնորդությունը մերժել էր։ Մերժումից հետո Աննա Ենգիբարյանը և Սիմոն Սիմոնյանը բողոքարկել էին Վերաքննիչ դատարան։

Չնայած Վերաքննիչ դատարանի բավարարող որոշմանը՝ բնակիչները հիմա էլ մտավախություն ունեն, որ շինարարությունը փաստացի չի դադարի։ Դատարանը որոշումը կայացրել է Վարչական դատավարության օրենսդրության 148.7-րդ հոդվածի հիմքով, ինչը կողմերին հնարավորություն է տալիս 5-օրյա ժամկետում բողոքարկել այն Վճռաբեկ դատարան։ Վճռաբեկ բողոք ներկայացնելու դեպքում որոշման կատարումը կասեցվում է մինչև բողոքը վարույթ ընդունելու հարցի լուծումը։ Այն կառուցապատողին թույլ է տալիս առաջիկա ամիսներին շարունակել շինարարական աշխատանքները։

Շենքում բնակարանների վաճառքն արդեն սկսված է։ Բնակարանների վաճառքի հայտարարություններում նկատեցինք, որ առուվաճառք է առաջարկվում նաև 9-րդ հարկում, որը հաստատված նախագծով տեխնիկական հարկ է։ «Մեծն Էրիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Հայրապետ Սիմոնյանի պարզաբանմամբ՝ տվյալ հարկը նախագծով եղել և մնում է որպես տեխնիկական, իսկ հայտարարությունը միջնորդ ընկերության վրիպակի ու թյուրիմացության հետևանք է։

Ըստ նրա՝ միջնորդ ընկերության աշխատակիցները, չպատկերացնելով, որ 9-րդը տեխնիկական հարկ է, ուղղակի լրացրել են տվյալները՝ կրկնելով ստորին հարկերի ցուցանիշները։ Նա հավաստիացրեց, որ սխալն արդեն ուղղված է, և հայտարարությունից այդ հատվածը հանված է։ Փոխտնօրենի խոսքով՝ 9-րդ հարկում բնակելի տարածքներ չեն լինելու. այն ծառայելու է բացառապես տեխնիկական նպատակներով՝ այնտեղ տեղադրվելու են օդափոխության սարքավորումները, և գործելու է շենքի չորանոցը։

Նա նաև նշեց, որ իրենք առաջնորդվում են Երևանի քաղաքապետարանի կողմից հաստատված նախագծային չափորոշիչներով, իսկ շինարարությունը կասեցնելու վերաբերյալ դատարանի որոշումը ստանալուց հետո կգործեն օրենքի սահմաններում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment