«Ազատություն քաղբանտարկյալներին»․ ակցիա՝ Երևանում ԵՄ գրասենյակի մոտ – armeniatoday.am

Երևանում Եվրոպական միության գրասենյակի մոտ ակցիա է անցկացվել՝ կալանքի տակ գտնվող ընդդիմադիր քաղաքական և հասարակական գործիչներին ազատ արձակելու պահանջով։ Մասնակիցները նաև եվրոպական կառույցներին կոչ են արել գնահատական տալ Հայաստանում մարդու իրավունքների վիճակին։ Ակցիայի ուղիղ հեռարձակումն՝ Armenia TodayYouTube-յան ալիքով։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը հայտարարել է, որ եվրոպական և միջազգային իրավապաշտպան կառույցները պետք է հրապարակայնորեն արձագանքեն այն դեպքերին, որոնք ընդդիմությունը գնահատում է հետապնդումներ՝ քաղաքական դրդապատճառներով։

Նա հայտնել է, որ «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին թույլատրվել է մեկանգամյա տեսակցություն անչափահաս դստեր հետ՝ երեխայի ծննդյան օրը, սակայն խափանման միջոցն ու տեսակցությունների գործող սահմանափակումները մնացել են անփոփոխ։

Սուքիասյանը նաև հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի պահման ոչ պատշաճ պայմանների մասին։ Նրա խոսքով՝ Թևանյանի խցում մի քանի օր շարունակ շուրջօրյա միացված է եղել հզոր լույսը, ինչը նա գնահատել է որպես կտտանք։

«Պատիվ ունեմ» խմբակցության նախկին պատգամավոր Աննա Մկրտչյանն իր հերթին ԵՄ ներկայացուցչությանը մեղադրել է քաղաքական հետապնդումներին պատշաճ արձագանք չտալու մեջ՝ նշելով, որ եվրոպական կառույցների հռչակած՝ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության սկզբունքները չեն արտացոլվում Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նրանց դիրքորոշման մեջ։

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը Հայաստանում, իր գնահատմամբ, դադարել է բացառիկ միջոց լինել։ Նա Մանուկյանի կալանքը որակել է որպես հոգեբանական ճնշման ձև ինչպես նրա, այնպես էլ ընտանիքի անդամների նկատմամբ։

«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հասարակության, մշակույթի ներկայացուցիչներին և նախկին քաղաքական գործիչներին կոչ է արել հրապարակայնորեն աջակցել կալանքի տակ գտնվող ընդդիմադիրներին։ Նրա խոսքով՝ հասարակական ճնշումն առանձին դեպքերում արդեն հանգեցրել է սահմանափակումների վերանայման։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը եվրոպական կառույցներին մեղադրել է երկակի չափանիշների և լռության մեջ։ Նա նաև հիշեցրել է, որ, իր գնահատմամբ, քաղաքական ճնշման է ենթարկվում Հայ առաքելական եկեղեցին։

Ակցիայի մասնակիցները հիշատակել են, մասնավորապես, Թևանյանին, Մանուկյանին, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին, «ՀայաՔվե» միավորման համակարգողԱվետիք Չալաբյանին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և կալանքի տակ գտնվող կամ քրեական գործերով անցնող այլ անձանց, որոնց նրանք համարում են քաղաքական բանտարկյալներ։

Ակցիան ավարտվել է բոլոր քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու կոչերով և եվրոպական կառույցներին ուղղված պահանջով՝ վերանայել Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ իրենց դիրքորոշումը։

Մանուկյանին կալանավորել են «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի գործով։ Քննչական կոմիտեն մայիսի 21-ին հայտնել էր Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության փաստով քրեական վարույթ նախաձեռնելու մասին, մայիսի 23-ին Թևանյանը ձեռրբակալվել էր ու 2 ամսով կալանավորվել։

Հուլիսի 22-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր ևս երկու ամսով: Հուլիսի 9-ին Մանուկյանին երկու ամսով կալանավորվել էր պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով, իսկ հուլիսի 20-ին նրա պաշտպանները բողոքարկել էին կալանքի որոշումը։

Leave a Comment