«Ընկերներ». 90-ականնրի արվեստն ու Արման Գրիգորյանի ժամանակաշրջանը՝ Թաթուլ Առակյանի հավաքածուում. «Վերնատուն»

Ժամանակակից արվեստի թանգարանում ընթանում է արվեստագետ Արման Գրիգորյանին նվիրված «Ընկերներ» խորագրով ցուցահանդեսը։ Ցուցադրությունը կառուցված է հենց արվեստագետի համադրողական ձեռագրին բնորոշ սկզբունքով․ իր կազմակերպած ցուցահանդեսներում Արման Գրիգորյանն իր աշխատանքները մշտապես մեկտեղում էր մտերիմների ու գործընկերների ստեղծագործությունների հետ։

Ներկայացված են բացառիկ ցուցանմուշներ կոլեկցիոներ Թաթուլ Առակյանի, ինչպես նաև Ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուներից։ Թաթուլ Առակյանը 1990-ականների հայաստանյան ճգնաժամային տարիներին նորարարական ու ռադիկալ ժամանակակից արվեստի առաջին գնորդներից է, ում հավաքածուն ընդգրկում է շուրջ 400 գործ։

«Ցանկացա ներկայացնել Արման Գրիգորյանի ստեղծագործական շրջանը՝ 1980-ականների երկրորդ կեսի և 1990-ականների սկզբի շունչը, թե ինչ էր իրենից ներկայացնում այդ շրջանի հայ ժամանակակից արվեստը, և ինչու էր այն հեղափոխական։ Ինձ համար այդ ժամանակ կարևորագույն ուղղությունը աբստրակցիոնիզմն էր, որն ընդունված չէր խորհրդային իրականության մեջ։

Իմ հավաքածուն առանձնահատուկ է նրանով, որ դրանով կարող եմ ներկայացնել այդ ժամանակաշրջանի ողջ հեղափոխական արվեստը, որն այն տարիներին մեր հասարակության համար շոկային էր և նույնիսկ նկարչություն չէր համարվում։ Նրանք հանճարեղ, տաղանդավոր արվեստագետներ էին, իսկ Արմանն իր ժամանակի վավերագրողն էր, կանխատեսողը և մի քայլ առաջ էր բոլորից։ Կոլեկցիոներ լինելը հիվանդության պես մի բան է․ եթե մի բան հավանեցիր, անպայման միջոց կգտնես ձեռք բերելու համար։ Այսօրվա դիտանկյունից հետ նայելիս՝ ես հիացած եմ 30-ամյա Թաթուլով»,- նշում է Թաթուլ Առակյանը։

Leave a Comment