Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ Պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված նախագիծը, որով կսահմանվեն խաղային գործունեության ոլորտում իրականացվող հսկիչ գնումների առանձնահատկությունները՝ պայմանավորված ֆինանսական միջոցների տրամադրման, օգտագործման և վերադարձի իրավական կարգավորումների անհրաժեշտությամբ։
Ո՞րն է իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է խաղային գործունեության ոլորտում իրականացվող հսկիչ գնումների առանձնահատկություններով` ֆինանսական միջոցների տրամադրման, օգտագործման և վերադարձի իրավական կարգավորման առկա բացերը լրացնելու հանգամանքով, որոնց առկայությունը հանգեցնում է գործնական և վերահսկողական ռիսկերի, մասնավորապես, նպատակային ծախսերի վերահսկելիության նվազեցման և ոչ բավարար հստակության։
Գործող կարգավորումներով հստակ սահմանված չէ հսկիչ գնման ընթացքում արձանագրված և ստացված շահումների տնօրինման ու վերադարձման իրավական ընթացակարգը, ինչը գործնականում կարող է առաջացնել տարբեր մեկնաբանություններ և անորոշություններ։
Նախատեսվող կարգավորմամբ ամրագրվում է, որ հսկիչ գնման ընթացքում ստացված շահումները հսկիչ գնում իրականացրած պաշտոնատար անձի կողմից ենթակա են վերադարձման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչը հնարավորություն կտա ապահովելու պետական միջոցների հաշվառման, թափանցիկության և ֆինանսական վերահսկողության պատշաճ մակարդակ։
Անհրաժեշտություն է առաջացել կատարելու օրենսդրական փոփոխություններ, որոնք կապահովեն հսկիչ գնումների համար նախատեսված պետական միջոցների նպատակային օգտագործման, հաշվառման և վերադարձի միասնական ու պարտադիր կարգավորում։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Խաղային գործունեության ոլորտում իրականացվող հսկիչ գնումը իր էությամբ տարբերվում է ապրանքների կամ ծառայությունների սովորական հսկիչ գնումներից։
Եթե սովորական հսկիչ գնումների դեպքում ձեռք է բերվում որոշակի ապրանք կամ ծառայություն, ապա խաղային գործունեության ոլորտում հսկիչ գնման շրջանակներում պետական մարմնի կողմից օգտագործվող դրամական միջոցները կիրառվում են բացառապես վերահսկողական գործառույթ իրականացնելու նպատակով՝ առանց գույքային կամ սպառողական արդյունք ձեռք բերելու մտադրության։
Այսինքն՝ հսկիչ գնում իրականացնող պաշտոնատար անձը տվյալ հարաբերության մեջ հանդես չի գալիս որպես սովորական խաղացող կամ մասնավոր շահ հետապնդող անձ, այլ գործում է բացառապես պետական վերահսկողական լիազորությունների շրջանակներում։
Հետևաբար, հսկիչ գնման նպատակով օգտագործված դրամական միջոցները չեն կարող դիտարկվել որպես խաղային գործունեության կազմակերպչի տնտեսական շրջանառության վերջնական բաղադրիչ կամ վերջինիս գույքային շահի ձևավորման աղբյուր։
Հատկապես կենդանի խաղերի դեպքում հսկիչ գնումների իրականացումը գործնականում անհնար է առանց անմիջական խաղադրույքների կատարման, ինչով պայմանավորված՝ պետական մարմինը հարկադրված օգտագործում է պետական միջոցներ՝ բացառապես վերահսկողական նպատակներով։
Այս պայմաններում պետական միջոցների վերադարձման իրավական մեխանիզմի բացակայությունը կհանգեցնի այն իրավիճակին, երբ վերահսկողական լիազորությունների իրականացումն ինքնին կառաջացնի պետական միջոցների կորուստ։
Հարկ է նկատել, որ խաղային ոլորտը ընդհանրապես ներառված չէ գործող իրավակարգանորումներում և առկա են մի շարք խնդիրներ, այդ թվում՝
- ֆինանսական միջոցների կարգավիճակի ոչ բավարար հստակեցվածություն (դեպոզիտային/բյուջետային տարբերակումներ),
- վերադարձի մեխանիզմների ոչ ամբողջական իրավակարգավորում,
- վերահսկողության և հաշվետվողականության մեխանիզմների գործնական դժվարություններ։
Այս հանգամանքները կարող են ստեղծել ֆինանսական միջոցների ոչ նպատակային օգտագործման ռիսկեր։
Կարգավորման նպատակն ու բնույթը
Նախագծի ընդունման նպատակն է ապահովել խաղային գործունեության ոլորտում հսկիչ գնումների ֆինանսավորման ամբողջական իրավական կարգավորում՝ սահմանելով ֆինանսական միջոցների տրամադրման, օգտագործման, վերահսկման և վերադարձի հստակ ընթացակարգեր։
Կարգավորման բնույթը հանդիսանում է ֆինանսական վերահսկողության և վարչական իրավունքի համադրություն, որի միջոցով ամրագրվում է պետական բյուջեի միջոցների նպատակային, արդյունավետ և թափանցիկ օգտագործման սկզբունքը։
Նախագծի ընդունումը նպատակ ունի իրավական հստակություն սահմանել հսկիչ գնումների ընթացքում օգտագործվող դրամական միջոցների իրավական կարգավիճակի, դրանց վերադարձման պարտականության և պետական ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ պատշաճ վերահսկողության ապահովման առնչությամբ։
Նախագծով առաջարկվող կարգավորումը կրում է կարգավորող և պաշտպանական բնույթ, և այն ուղղված չէ օրինական գործունեության սահմանափակմանը կամ շուկայի ընդհանուր խստացմանը, այլ միտված է գործող լիցենզավորման համակարգի արդյունավետության ապահովմանը և դրա շրջանցման հնարավորությունների նվազեցմանը։
Նախագծով առաջարկվող կարգավորումը նախատեսում է անցում արձագանքող մեխանիզմներից դեպի ավելի համակարգային և կանխարգելիչ մոտեցման՝ ապահովելով, որ չլիցենզավորված սուբյեկտները չկարողանան տեխնիկական կամ իրավական բացերի միջոցով ներգրավել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող խաղացողներին։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Նախագիծը միտված է պետական բյուջեի շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների ապահովմանը։
Հսկիչ գնումների նպատակով օգտագործվող դրամական միջոցները հանդիսանում են պետական միջոցներ, որոնք տրամադրվում են բացառապես օրենքով վերապահված վերահսկողական գործառույթների իրականացման նպատակով։ Այդ միջոցները չեն հետապնդում եկամուտ ստանալու կամ խաղային գործունեությանը որպես մասնավոր մասնակցության նպատակ։
Ուստի, իրավաչափ և հիմնավորված է սահմանել, որ՝
կենդանի խաղերի ընթացքում օգտագործված դրամական միջոցները,
հսկիչ գնման արդյունքում ստացված շահումները,
ինչպես նաև խաղային հաշիվներում առկա չօգտագործված դրամական միջոցները,
ենթակա են վերադարձման պետական բյուջե։
Հակառակ մոտեցումը կհանգեցնի պետական միջոցների անհիմն նվազեցման, ինչպես նաև այնպիսի իրավիճակի, երբ խաղային գործունեության կազմակերպիչը փաստացի ֆինանսական օգուտ կստանա պետական վերահսկողական միջոցառման իրականացումից։
Նման մոտեցումը հակասում է պետական միջոցների արդյունավետ կառավարման, համաչափության և հանրային շահի պաշտպանության սկզբունքներին։
Նախագծի ընդունման արդյունքում՝
- կհստակեցվեն խաղային գործունեության ոլորտում իրականացվող հսկիչ
գնումների իրավական առանձնահատկությունները,
- կապահովվի պետական միջոցների պաշտպանության լրացուցիչ մեխանիզմ,
- կբարձրանա վերահսկողական միջոցառումների արդյունավետությունը,
- կնվազեն իրավակիրառ պրակտիկայում հնարավոր տարակարծությունները,
- կապահովվի խաղային գործունեության ոլորտում ֆինանսական հոսքերը
նկատմամբ առավել արդյունավետ վերահսկողություն,
- ինչպես նաև կբացառվի պետական միջոցների անհիմն կորուստը վերահսկողական
միջոցառումների իրականացման արդյունքում։
Միաժամանակ, հսկիչ գնումը հանդիսանում է բացառապես վերահսկողական գործառույթի իրականացման հատուկ գործիք, որի նպատակը ոչ թե քաղաքացիաիրավական հարաբերության ձևավորումն է կամ ապրանքի/ծառայության վերջնական ձեռքբերումը, այլ իրավախախտման փաստի բացահայտումը, արձանագրումը և կանխարգելումը։
Հետևաբար, տվյալ գործողության շրջանակներում վերահսկող մարմնի կողմից կատարված վճարումները իրենց բնույթով չեն կարող դիտվել որպես տնտեսավարող սուբյեկտի օրինական եկամուտ՝ այն դեպքերում, երբ վերահսկողական միջոցառման արդյունքում արձանագրվել է օրենքի խախտում։
Առաջարկվող կարգավորումը նպատակ ունի ապահովելու, որպեսզի իրավախախտման արդյունքում տնտեսվարող սուբյեկտի մոտ չձևավորվի անհիմն գույքային օգուտ, ինչպես նաև երաշխավորելու պետական բյուջետային միջոցների վերադարձելիությունը։
Պետական բյուջեի շահերի պաշտպանության անհրաժեշտությունը
Նախագիծը միտված է պետական բյուջեի շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների ապահովմանը։
Հսկիչ գնումների նպատակով օգտագործվող դրամական միջոցները հանդիսանում են պետական միջոցներ, որոնք տրամադրվում են բացառապես օրենքով վերապահված վերահսկողական գործառույթների իրականացման նպատակով։ Այդ միջոցները չեն հետապնդում եկամուտ ստանալու կամ խաղային գործունեությանը որպես մասնավոր մասնակցության նպատակ։
Ուստի, իրավաչափ և հիմնավորված է սահմանել, որ՝
- կենդանի խաղերի ընթացքում օգտագործված դրամական միջոցները,
- հսկիչ գնման արդյունքում ստացված շահումները,
- ինչպես նաև խաղային հաշիվներում առկա չօգտագործված դրամական միջոցները,
ենթակա են վերադարձման պետական բյուջե։
Հակառակ մոտեցումը կհանգեցնի պետական միջոցների անհիմն նվազեցման, ինչպես նաև այնպիսի իրավիճակի, երբ խաղային գործունեության կազմակերպիչը փաստացի ֆինանսական օգուտ կստանա պետական վերահսկողական միջոցառման իրականացումից։
Նման մոտեցումը հակասում է պետական ֆինանսների արդյունավետ կառավարման, համաչափության և հանրային շահի պաշտպանության սկզբունքներին։
Բյուջեի ազդեցությունը
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների հետ կապված պետական բյուջեի եկամուտներում կարող են նախատեսվել էական փոփոխություններ։