«Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ուղերձը Բաքվի բանտից

Բաքվում գերեվարված Դավիթ Բաբայանի ընտանիքը News.am-ին է փոխանցել ձայնագրություն, որտեղ ադրբեջանական բանտից Բաբյանը կրկին ահազանգել է իրենց իրավունքների ոտնահարման մասին: Նաև նշել է, որ Բաքվում բանտարկված գերիները առողջական խնդիրներ ունեն:

Արցախի նախկին արտգործնախարարը պատմել է, որ Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի որոշումը, որով Բաբայանը դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Վերաքննիչի նիստը նա որակում է «թատրոն, նախապես գրված սցենար»:

Առաջին ատյանի որոշումը հայ գերիները բողոքարկում են, որ հետո կարողանան դիմել միջազգային ատյաններ: Միայն Ռուբեն Վարդանյանն է հրաժարվել դիմել ու, չնայած դրան, հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն արդեն Արցախի նախկին պետնախարար Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ:

«Այս հերթական ֆորմալ փուլը միջազգային դատարան դիմելու նպատակով է: Իմ գործով ավելացրել են ևս երկու ցմահ հոդվածներ, որ ամբողջ դատավարության ժամանակ չի հիշատակվել: Դա տեսա դատավարությունն ավարտելուց հետո, կրճատ գրություն էր, սա անթույլատրելի է: Այստեղի պաշտպաններից մեկը հայտարարել է, որ գործը չեն ուզում հասնի միջագզային դատարան, քանի որ մեղադրանքների 90 տոկոսը շինծու է և որևէ ապացույց չկա»,- ասվում է Բաբայանի ձայանգրությունում:

Բաբայանն իր գործով է փաստում, որ գործերը շինծու են, հորինված.- «Մասնավորապես ինձ ցմահ են նշանակել մի հոդվածով, որ ես ուզում էի այս երկրում տապալել իշխանությունը, Սահմանադրությունն ու զավթել այս երկրում իշխանությունը: Կա՞ արդյոք փաստ, որ ես այստեղ լինելով՝ մասնակցել եմ իշխանության համար պայքարի: Եթե այդպես է, ես պիտի այստեղ ունենայի համախոհներ, բայց որեւէ պատասխան չեն տալիս: Ոչ հետաքննության, ոչ էլ առաջին ատյանի դատավարության ընթացքում հարց չեն տվել ինձ: Այս պարագայում ինձ ցմահ են ուզում տալ»,- ասվում է ադրբեջանական բանտից ուղարկված ձայնագրությունում:

Leave a Comment