Իրավական ապարտեիդ. այսպես է որակել Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայ գերիների նկատմամբ Բաքվում տեղի ունեցած դատաքննությունը։ Ադրբեջանում գերության մեջ գտնվող գործիչն ընտանիքի միջոցով փոխանցել է ձայնային հաղորդագրություն, որտեղ, թվարկելով դատաքննության ընթացքում բազմաթիվ խախտումները, նշել է, որ սա ձեւական փուլ է իրենց համար, «որպեսզի հետագայում այն օգտագործենք միջազգային դատարան դիմելու համար»։
«Հետաքրքիր զարգացումներից է նաև այն, որ այստեղի պաշտպաններից մեկը հայտարարել է, որ չեն ուզում իրենք, որ գործը հասնի միջազգային դատարան, որովհետև մեղադրանքների ավելի քան 95%-ը շինծու է և որևէ ապացույց չկա»,- ասել է Բաբայանը։
Նա նշել է նաեւ, որ առողջական խնդիր ունի, որի մասին բարձրաձայնել է դատարանում և խնդրել, որ այդ ամենը արձանագրվի։
«Իհարկե, կասկածում եմ, հասկանալի է, որ իրենք չեն ուզի, որ ես գնամ միջազգային դատարան։ Միայն ինձ մոտ չեն առողջական խնդիրներ: Մի շարք մեր ընկերների մոտ իրոք լուրջ առողջական խնդիրներ կան: Իհարկե, դա ինչ-որ տեղ սպասելի է, որովհետև մենք պայքարում ենք այս չար աշխարհում արդարության և ազատության համար, մարդու իրավունքների համար, իսկ դա հենց այնպես չի լինում»,- ասել է Դավիթ Բաբայանը։