Բազմաստիճան հիերարխիա, կեղծ իրավաբաններ և միլիարդների հափշտակություն. ՔԿ-ն ավարտել է աղմկահարույց գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ Ա․Մ․-ի վերաբերյալ։

Ըստ այդ տվյալների՝ նա համակարգչային հափշատկություններ իրականացնելու նպատակով տևական ժամանակով նախնական համաձայնություն է ձեռք բերել ՀՀ և օտարերկրյա մի խումբ այլ քաղաքացիների հետ։ Արդյունքում Ա․Մ․-ն 2025 թվականի հունիսից մինչև նոյեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել է անդրազգային հանցավոր կազմակերպության գործունեությանը։

Այս կազմակերպության ղեկավարները հավաքագրել և ներգրավել են 50-ից ավելի անդամների։ Վերջիններիս գործողությունները ղեկավարելու և համակարգելու նպատակով ստեղծվել է բազմաստիճան հիերարխիկ կառուցվածք, ինչպես նաև կատարվել է մասնագիտացման վրա հիմնված դերաբաշխում։

Բացի այդ, մշակվել են վարքագծի ու արգելքների ներխմբային հատուկ նորմեր, և հետևողականորեն վերահսկվել է դրանց պահպանումը։ Հանցագործությունների կատարման համար ներդրվել են հստակ ու մանրակրկիտ մտածված մեխանիզմներ, որոնք քայլերի հաջորդականությամբ ուղղորդել են խմբի անդամների բոլոր գործողությունները։

Հանցավոր կազմակերպության անդամները հանդես գալով իբր իրավաբան, միջազգային ընկերությունների, կրիպտոհարթակների ներկայացուցիչ, ֆինանսական պատասխանատու, ներկայանալով տարբեր կեղծանուններով՝ վարձակալված տարածքներից կատարել են իրենց դիտավորության մեջ ընդգրկված համակարգչային հաշտակություններ։

Նախաքննությամբ հիմնավորվել է հանցավոր կազմակերպության կողմից առնվազն 2 մլրդ 518 մլն 288 հզր 500 ՀՀ դրամի հափշտակություններ կատարելու հանգամանքը։

Ա․Մ․-ի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է հանցավոր ծագում ունեցող 29 մլն 491 հզր ՀՀ դրամ գումար և մեծ թվով ոսկյա զարդեր, որոնց հետագա բռնագրավման հարցին կանդրադառնա դատարանն իր եզրափակիչ դատավարական ակտով:

Ա․Մ․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Leave a Comment