Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մտադիր է առաջադրվել աշնանը Գորիսում կայանալիք ՏԻՄ ընտրություններում՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության թեկնածու, գրել է «Հրապարակը»՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պողոսյանը 2022 թվականի ապրիլից մինչև 2026 թվականի օգոստոս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականն էր:
Պարբերականի տվյալներով՝ ՔՊ-ի հնարավոր թեկնածուների թվում է նաև Պողոսյանի քրոջ որդին՝ Տեղ համայնքի գործող ղեկավար Դավիթ Ղուլունցը։ Թերթի փոխանցմամբ՝ Պողոսյանը փորձում է համոզել ՔՊ ներկայացուցիչներին, որ սեփական թեկնածությունն ավելի նպատակահարմար է գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ հաղթանակի համար ավելի բարձր շանսեր ապահովելու տեսանկյունից։
ԶԼՄ-երը հուլիսին գրել էին, որ հնարավոր է ՔՊ-ն բոլոր համայնքներում Գյումրու ՏԻՄ ընտրությունների օրինակով փրայմերիզ իրականացնի՝ այն որպես հանրային որոշում ներկայացնելու նպատակով։
Պողոսյանը պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնից ազատվել էր օգոստոսի 17-ին՝ ԶՈւ-ում վերջին օրերի կադրային փոփոխությունների ֆոնին, որոնք հաջորդել են բանակում զինծառայող Գրիգոր Զաքարյանի մահվան դեպքին։ ԶԼՄ-ները ավելի վաղ գրել էին նաև, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը համակարգից հեռացնում է Ազգային ժողովի ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մտերիմներին, որոնց թվում, ըստ մամուլի, նաև Պողոսյանն է։
