Ի՞նչ է փոխվում ՍՊԸ-ների համար 2027-ից

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ են կատարվել։ Փոփոխություններով հստակեցվում են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կանոնադրական կապիտալում ավանդներ ներդնելու, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների և բանկերի սնանկության ու վերակառուցման հետ կապված մի շարք դրույթներ։

ՍՊԸ-ների կանոնադրական կապիտալ

ՍՊԸ-ի մասնակիցը չի կարող ազատվել ընկերության կանոնադրական կապիտալում ավանդ ներդնելու պարտականությունից, այդ թվում՝ ընկերության նկատմամբ ունեցած պահանջները հաշվանցելու միջոցով։ Բացառություն կարող է լինել միայն այն դեպքերում, որոնք նախատեսված են «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքով։

Ֆինանսական կազմակերպությունների սնանկություն

Օրենսգրքում համապատասխան դրույթները համապատասխանեցվել են նոր կարգավորումներին՝ հղում կատարելով «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» և «Բանկերի վերակառուցման մասին» օրենքներին։

Բանկի վերակառուցում

Սահմանվել է ևս մեկ դեպք, երբ պարտավորությունների դադարման հետ կապված իրավական կարգավորումը չի կիրառվում․ երբ բանկը օրենքով սահմանված կարգով վերակառուցվում է։

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ 

Leave a Comment